Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտարարել է «Հաջորդ սերնդի խորհրդին» դիմելու նոր փուլի մեկնարկի մասին:
«Հաջորդ սերնդի խորհրդին» միանալ կարող են երիտասարդ գիտնականները, տեխնոլոգիաների գծով մասնագետները, ձեռնարկատերերը, ովքեր իրենց ոլորտներում աշխատանքի ընթացքում ակնհայտ հեղինակություն են ձեռք բերել:
Հայտերը կարելի է լրացնել FAST-ի պաշտոնական կայքում:
«Նրանք կկարողանան զգալի ազդեցություն ունենալ Հայաստանում գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման վրա: Ակնկալվում է, որ իրենց ժամանակի որոշակի մասը կնվիրեն FAST-ի նախաձեռնությունների վրա աշխատանքին, ինչպես նաեւ առնվազն տարին մեկ անգամ կկարողանան այցելել Հայաստան՝ մասնակցելու Գլոբալ ինովացիոն ֆորումին»,- ասված է հիմնադրամի հայտարարության մեջ:
Ցյուրիխի գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության եւ մաթեմատիկայի համալսարանի գիտաշխատող Էրիկ Ազնավուրյանը, ով այժմ ղեկավարում է «Հաջորդ սերնդի խորհուրդը», Մեդիամաքսին ավելի վաղ ասել էր, որ «Հայաստանում FAST-ի նման կազմակերպության առկայությունը շատ մեծ հաջողություն է»:
«Հայաստանում գիտության եւ երիտասարդներին ֆինանսավորելու ծրագրերը, լայնամասշտաբ գիտական հանդիպումների կազմակերպումը, միջազգային մասնագետների ներգրավումը մեծ դեր կխաղա Հայաստանի գիտության զարգացման գործում»,- ասել էր նա:
Քորնելի համալսարանի Կիրառական մաթեմատիկայի կենտրոնի ասպիրանտ Աննա Սրապիոնյանը, որը նույնպես «Հաջորդ սերնդի խորհրդի» անդամ է, Մեդիամաքսին ասել է, որ «վերջին մի քանի ամիսների ընթացքում FAST-ի հետ համագործակցելիս մեծ բավականություն եմ ստացել, եւ շատ տպավորված եմ առաջարկված ծրագրերով»։
Այժմ «Հաջորդ սերնդի խորհուրդն» ունի 15 անդամ, որոնք հաջողակ երիտասարդ գիտնականներ են Հայաստանում եւ ամբողջ աշխարհում:
















