Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ ֆիզիկոսներ Յուրի Օգանեսյանին եւ Անի Ափրահամյանին:
Նրանք ժամանել են նոյեմբերի 6-8 Երեւանում անցկացվող Համահայկական գիտաժողովի մասնակցելու, ինչպես նաեւ Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԵրՖի) ռազմավարության հետ կապված հարցեր քննարկելու նպատակով, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել գիտնականների պատրաստակամությունն աջակցելու Հայաստանում գիտության զարգացմանը, ներդրում ունենալու ֆիզիկայի ու մաթեմատիկայի բնագավառներում առաջընթացի եւ երիտասարդ գիտնականների կրթության գործում:
Նախագահը նաեւ նշել է անվանի գիտնականների հետեւողականությունը Օնկոլոգիայի ազգային գերազանցության կենտրոնի զարգացման եւ հատկապես «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի տարածքում իզոտոպների արտադրության ու դիագնոստիկայի կենտրոնի ծրագրի ձեւավորման գործում:
Հանդիպմանը կարեւորվել է նաեւ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետ համագործակցությունը՝ հաշվի առնելով, որ Յուրի Օգանեսյանը FAST-ի հոգաբարձուների խորհրդի անդամ է:
















