Ռիգան Թաղավարդով փոխարինած տիկին Երմոնյան եւ փշալարով կիսված ներկան - Mediamax.am

exclusive
1852 դիտում

Ռիգան Թաղավարդով փոխարինած տիկին Երմոնյան եւ փշալարով կիսված ներկան


Երմոնյա Քոչարյանը
Երմոնյա Քոչարյանը
Երմոնյա Քոչարյանը
Երմոնյա Քոչարյանը
Երմոնյա Քոչարյանը
Երմոնյա Քոչարյանը

Ասում են՝ մարդկանց բնութագիրը լավագույնս կարելի է տալ հենց բարդ, երբեմն՝ անելանելի թվացող իրավիճակներում։ Թերեւս, հետպատերազմյան Արցախն ու Հայաստանն այս առումով հրաշալի հայելի են՝ տեսնելու մեր թե՛ թուլությունները, թե՛ կամքի ու հայրենիքի հանդեպ իրական կապվածության չափը։

 

69-ամյա տիկին Երմոնյա Քոչարյանը ծնվել ու մեծացել է Թաղավարդի «մյուս»՝ այժմ արդեն ադրբեջանական վերահսկողության տակ մնացած վերին հատվածում, որը տեղացիներն անվանում են Բուն Թաղավարդ։ Այսօր էլ՝ ծանր պատերազմից ու բազմաթիվ կորուստներից հետո թաղավարդցի փորձառու դերձակուհին իր կյանքն այլ տեղ չի պատկերացնում ։

 

Տիկին Երմոնյայի ծնողների գերեզմաններն այլեւս փշալարից այն կողմ՝ օկուպացված Վերին/Բուն Թաղավարդում են, եղբոր ընտանիքը՝ Ստեփանակերտում, ինքը, սակայն, նախընտրում է հեռու չգնալ ու շարունակում է ապրել ու աշխատել Թաղավարդի՝ հայկական կողմի վերահսկողության տակ մնացած հատվածում։

 

Ծիծաղով ու հպարտությամբ է հիշում, որ Ստեփանակերտում ուսանելու տարիներին հետագա ուսման ու աշխատանքի նպատակով իրեն առաջարկել են մեկնել Ռիգա, հրաժարվել է։ Ասում է՝ հիմա էլ չի զղջում։

 

«Շատ տեղ եմ քեցալ, քեցալ ըմ Ուկրաինա, Կիեւը, Լուցկը, ասալ ըմ՝ չէ, Թաղավարդան լավ տեղ կա վեչ։ Էս վերջերս էլ քեցալ ըմ Ռուսաստան, բայց չէ… Կարում չում»։

 

Պատերազմի օրերին ժամանակավորապես Երեւանում ապաստանած տիկին Երմոնյան կարճ ժամանակ անց վերադարձել է գյուղ, այնուհետեւ՝ երեխաներին ու թոռներին ընդառաջ գնալով մեկնել Ռուսաստան, սակայն ի վերջո նորից բռնել հարազատ Թաղավարդի ճանապարհը։

Երմոնյա Քոչարյանը Երմոնյա Քոչարյանը

 

«Կռվեն եննան (հետո) եկալ ընք, վեչ լույս կա, վեչ ճյուր կա, վեշ մի պեն չկա։ Խոխեքը վախում են։ Քեցալ ընք Ռուսաստան, 20 օր կեցալ ըմ, փախալ եկալ ստեղ», - ասում է ու վերահաստատում՝ վիրավոր թե կանգուն՝ Թաղավարդն իր տունն է։

 

Երմոնյա Քոչարյանի խոսքով՝ եթե Թաղավարդն էլ անցներ թշնամուն՝ կնախընտրեր տեղափոխվել Արցախի որեւէ այլ գյուղ, սակայն արտերկիր մեկնելու մասին լսել չի ցանկանում։

 

Տիկին Երմոնյան կատակներով ու դրական էներգիայով է համեմում նույնիսկ նոր սահմանի այն կողմից բարձրախոսով իրենց սպառնացող ադրբեջանցիների մասին դրվագները, ասում է՝ վերջերս չեն երեւում։

 

«Էլ խոսում չեն, մաշինը քեցալ ա», - ասում է թաղավարդցի դերձակն ու հավելում՝ ինքը ո՛չ ազդվել է այդ հայտարարություններից, ո՛չ վախեցել։

 

Տիկին Երմոնյան կարում եւ նորոգում է ամեն ինչ՝ զինվորական համազգեստից մինչեւ երեկոյան ու հարսանեկան զգեստներ։ Խոստովանում է՝ պատերազմից հետո հարսանիքներն ու ուրախ առիթները պակասել են, իր պատվերները՝ նույնպես, թեեւ ընդհանուր առմամբ գործից եւ եկամուտներից դժգոհ չէ։ Երբեմն էլ նոր պատվիրատուներ է ունենում ի դեմս ռուս խաղաղապահների։

 

Տիկին Երմոնյան երանությամբ է հիշում, որ դեռեւս 1980 թվականից հարեւան Կարմիր Շուկայում ուներ կարի իր մեծ ատելյեն, բազմաթիվ աշակերտներ, հաճախորդներ։ Ամուսնանալուց եւ երեխա ունենալուց հետո աշխատանքային պայմանները հարմարեցրել է իր նոր առօրյային՝ Թաղավարդում փոքրիկ կարի արհեստանոցում շարունակելով սիրելի աշխատանքը։ Դերձակությունից ու Թաղավարդից չի կարողացել հրաժարվել Արցախին պատուհասած երեք պատերազմներից հետո էլ։ Հիշում է՝ առաջին պատերազմի ժամանակ թաքնվում էին «Գրադի» հարվածներից, հենց ձայնը դադարում էր՝ վազում էր նորից արհեստանոց, շարունակում աշխատել…

 

90-ականներին 40-ից ավելի զոհ տված Թաղավարդի 69-ամյա բնակչուհին, ով երիտասարդ տարիներին ստիպված էր ադրբեջանցիների հարձակումներից պատսպարել իր երեխաներին հայրենի գյուղի անտառներում, այլ կերպ է խոսում 2020-ի պատերազմի մասին. «Էս մեկը շատ փիս ա իլյալ»…

Երմոնյա Քոչարյանը Երմոնյա Քոչարյանը

 

Երմոնյա Քոչարյանն առանձնակի հպարտությամբ է նշում, որ Թաղավարդի իրենց թաղամասից «կռվան վեշ մինը բացակայալ չի», բոլորը համախմբվել են հարազատ գյուղի պաշտպանության շուրջ:

 

«Հերոս թաղ ա մեր թաղը։ Տղերքը լոխ մնացալ ըն, խոխա կնեգ տյուս են եկալ։ Շենան երկու անհայտ կորած ա իլյալ, մինն էլ էն օրն են պիրյալ, վաղը օխտն ա (յոթը)»…

 

Սոֆիա Հակոբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին