Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղը իսկապես արտառոց ձգողականություն, յուրահատուկ ազդեցություն ունի այստեղ հասնող յուրաքանչյուրի համար։ Եվ խոսքը միայն դրա հրաշագեղ բնության կամ հերոսական դրվագներով լի անցյալի մասին չէ, խոսքը հենց թաղավարդցիների ու նրանց կերտած ներկայի մասին է, որը ոմանց համար ֆանտաստիկայի ժանրից է, ոմանց համար էլ՝ իր հունով ընթանալ շարունակող ամենօրյա կյանք։
Հիշում եմ, երբ Սասունում մինչ օրս ապրող հայ ընտանիքներից մեկի երիտասարդ անդամը վերջերս 1915-ի ցեղասպանության մասին խոսելիս ասաց․ «Բոլոր մեծ ողբերգությունների դեպքում առավել էական է, թե ինչպիսին է լինում դրա հետագան»։ Թաղավարդը Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ իսկապես անասելի ծանր, աներեւակայելի բարդ մարտահրավերների առաջ կանգնեց ու թեեւ հայկական կողմին հաջողվեց կանխել գյուղի ամբողջական օկուպացիան ադրբեջանական ուժերի կողմից՝ անորոշ էր Թաղավարդի՝ փշալարով կիսված ներկան ու ապագան, ինչը, թերեւս, ամենալուրջ հարվածն էր թաղավարդցիների գիտակցությանը։
Մինչ ադրբեջանցիները բարձրախոսի միջոցով պարբերաբար սպառնալիքներ են հոխորտում թաղավարդցիների ուղղությամբ ու հորդորում լքել հարազատ բնակավայրը, իսկ Հայաստանում ծանոթ-բարեկամ նույն թաղավարդցիներին հարցնում են, թե երբ են պատրաստվում դուրս գալ գյուղից, Թաղավարդում շարունակում են ոչ միայն ապրել, այլեւ տուն կառուցել, նոր աշխատատեղեր ստեղծել, երեխաներ ունենալ ու մեծացնել։ Երբեմն հակառակորդից 200-300 մետր, երբեմն՝ ավելի քիչ հեռավորության վրա։
Ինչ խոսք, նույնիսկ մենք էինք զարմացած, երբ իմացանք Թաղավարդում նորաբաց գեղեցկության սրահի մասին։ Թաղավարդո՞ւմ, գեղեցկության սրա՞հ, այն էլ հիմա՞։ Բայց էլ ավելի մեծ էր զարմանքը, երբ տեղեկացանք, որ գեղեցկության սրահի հիմնադիրը ընդամենը 19 տարեկան Լուսինն է, որը վերջերս է ավարտել Մարտունու արհեստագործական դպրոցն ու վերադարձել հայրենի գյուղ։
Գյուղի մուտքի մոտ մեզ դիմավորում է կանաչաչյա փոքրամարմին Լուսինը. գործնական, ինքնավստահ, բայց զուսպ եւ միաժամանակ միշտ կենսուրախ։ Տան դիմաց ցուցանակն արդեն հուշում է ամիսներ գործող սրահի մասին, իսկ ներսում՝ կոկիկ, մաքուր եւ գեղեցիկ գույների մեջ սրահը վաղուց ընդունում է հաճախորդների, որոնց Լուսինը դեռ միայնակ է սպասարկում։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Ճիշտն ասած չէի ուզում օգտվել որեւէ ծրագրից, ուզում էի իմ սեփական ուժերով անել ամեն ինչ, հետո «Սահման» հ/կ-ից Սոսեին հանդիպեցի, խոսեցինք, էլի մերժեցի, Սոսեն ասեց՝ «Լավ, դեռ կհանդիպենք»։ Ինքս մի թեթեւ բան արել էի, բայց տարածքը նորոգած չէր։ Եկան, տեսան, որ ձգտում եմ ինչ-որ բանի, համոզեցին, որ օգտվեմ ծրագրից ու բարելավեմ սրահի պայմանները», - պատմում է Լուսինը՝ նշելով, որ գործնական շատ նրբություններ ինքնուրույն էլ է սովորել համացանցից, պրպտել, կատարելագործվել ու համատեղել ուսումնարանից ստացած գիտելիքներով։
Մինչ տուն մտնելն ու զրույցին անցնելն ունենք կարեւոր պարտականություն՝ առանց որի կատարման բարդ է հանգիստ սրտով նստել ու թեյելը. պետք է այցելենք Թաղավարդի դիրքերը պահող զինվորներին։ Լուսինը ոչ միայն հետ չի պահում մեզ ադրբեջանցիներին բավականին մոտ գտնվող դիրքը հասնելու մտքից, այլեւ անձամբ է ցանկանում ուղեկցել մեզ ամուսնու հետ միասին։
«Ես վախից մի քիչ հեռու եմ, վախ չունեմ», - համեստորեն ժպտում է Լուսինն ու անկեղծանում, որ պատերազմից հետո նաեւ ինքնուրույն ձորի միջով ոտքով հասել է չեզոք գոտի՝ չափից դուրս մոտենալով ադրբեջանցիների դիրքին։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Կարոտել էի մեր տարածքները», - հուզված աչքերը թաքցնելով պատասխանում է 19-ամյա կինը զարմացած հայացքիս։
Պատերազմի առաջին օրերին Դանիելյանների ընտանիքը նույնպես Թաղավարդի իրենց տանն էին։ Բոլորի կյանքը փոխած մղձավանջն ու դրան հաջորդած օրերը Լուսինն այսպես է հիշում.
«Սկզբում չէի ուզում դուրս գալ գյուղից, պապաս ստիպեց։ Շատ ահավոր իրավիճակ էր։ Գնացինք Հայաստան։ Հետո, որ իմացա կռիվը պրծել ա՝ նոյեմբերի 11-ին ես եկա Ստեփանակերտ, երկու օր անց վերադարձա Թաղավարդ։ Էստեղ ահավոր էր… Ամենաթեժ կռիվներն էստեղ են եղել, հենց մեր թաղամասում, այ էս վերեւի մասում։ Շատ զինվորներ էին էդտեղ մահացել… Երբ մենք վերադարձանք՝ խառնաշփոթ իրավիճակ էր, բնակչություն գրեթե չկար, զինվորներ էին միայն։ Մարդիկ քիչ էին, բայց հետո կամաց-կամաց եկան։ Շատ մարդիկ կան, որ կռվի հենց առաջին օրը փախել են, բայց խոսելիս ասում են՝ «Վերջինն ենք դուրս եկել, առաջինն ենք հետ եկել»…
Լուսանկարը` Մեդիամաքս
Անշուշտ, Արցախի կարգավիճակի ու ապագայի անորոշության մասին մտքերը երբեմն Լուսինին էլ են այցելում.
«Անընդհատ խոսակցությունները լսում եմ, որ մեր գյուղն էլ են հանձնելու, մինչեւ հիմա էլ ասում են։ Չեմ հավատում։ Կռվից հետո, որ նոր եկանք, այգում բանջարեղեն պիտի ցանեինք՝ պապան շատ մեծ ջանքով էր անում, ես ասում էի՝ խի ես անում, կարող է էլի կռիվ լինի։ Էդ ժամանակ շատ էին կրակում։ Չգիտեմ, ահավոր էր։ Մի անգամ էնքան էին կրակել, արտերն էլ չոր էր, կպնում էր ամբողջը վառվում կրակից, դուրս էինք եկել գիշերվա կեսին ես ու եղբայրս… Թուրքերն էլ խփում էին, գնդակը եկավ հենց աչքիս առաջ եղբորս ոտքի կողքով անցավ։ Էդ ժամանակ մի պահ վախեցել եմ։ Դե ով էլ լինի՝ կվախենա։ Բայց դրանից հետո վիճակը սկսեց խախանդվել»։
Սոֆիա Հակոբյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: