Հացիի լեգենդար թթի օղին, Դերենիկը ու նոր իրականությունը - Mediamax.am

exclusive
1669 դիտում

Հացիի լեգենդար թթի օղին, Դերենիկը ու նոր իրականությունը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Խորհրդավոր լեգենդների, հպարտ ու ջերմ մարդկանց եւ, իհարկե, լավագույն «թոթի արաղի» վայրն է Արցախի Մարտունու շրջանի Հացի գյուղը։ Ասում են՝ հացեցիները միշտ «աղուհացով» մարդիկ են եղել, ինչի հետ էլ կապվում է գյուղի անվան ծագման մի քանի տարբերակներից մեկը։ Արցախում դժվար է գտնել գեթ մեկ գյուղացու, ով հունիսից սկսած արդեն իր իսկ ձեռքով չի թորում սեփական տնական օղին։

 

Յուրաքանչյուրն իր յուրօրինակ գաղտնիքներով ու փոքրիկ խորամանկություններով՝ դժվար է հանդուրժում մեկ ուրիշի մրցակցությունն այս հարցում։ Մինչդեռ Մարտունիում գրեթե ոչ ոք չի կարող լուռ չհամաձայնել, որ հենց Հացիի թթի օղին «օրիշ ա»։

 

Որքան էլ զարմանալի թվա՝ Արցախում, ինչպես եւ Հայաստանի ամբողջ տարածքում օղու թորման ավանդույթները ձեւավորվել են բավականին ուշ՝ Ցարական Ռուսաստանի իշխանության տարիներին։ Ռուսական օղու՝ հայկական գինու դեմ «արշավի» ու խորհրդային տարիներին հայկական գինեգործական ավանդույթների գրեթե իսպառ դադարեցման մասին շատ է խոսվել, Արցախն էլ բացառություն չէր։

 

Արցախյան գինու մասին խոսելիս առաջինն, ինչ գալիս է շատերիս մտքին, անշուշտ, մեկ այլ իրականության մաս դարձած ու կարոտելի Հադրութն է։ Երեւանյան հայտնի «Գինու օրերը», այլեւս մեկ այլ վայրում արտադրվող ու շշալցվող հայտնի «Կատարո»-ն ու վայոցձորյան կամ տավուշյան այլ համեղագույն գինիները…Գինու հետ կապված գրեթե ամեն ինչ տեւական ժամանակ է հիշեցնում է Տողի գինու փառատոնն ու երանելի հեռուն։

 

«Առանց գինու ժենգյալով հաց ուտել կլինի՞», - ասում էր հադրութեցի տիկին Նուշան։ Նաեւ ասում էր, թե եթե մի օր հետ գնա Հադրութի Ազոխ գյուղում մնացած իրենց տունը՝ մի լավ թթի օղի էլ է տալու պատերազմի ժամանակ իրեն լրիվ անվճար Գորիս հասցրած վարորդներին։ Ինչպես այժմ տիկին Նուշան է ասում՝ «Երազանք էր»…

Լուսանկարը` Մեդիամաքս

Վերադառնանք Արցախի թթի օղուն, որի պատրաստման ավանդույթները գուցե գինու չափ հին չեն, սակայն դա բնավ չի խանգարել «թոթի արաղին» ուղնուծուծով մտնել արցախցիների կենցաղ ու դառնալ կենսակերպի կարեւորագույն մասնիկ։

 

«Դե, առանց սրա ի՞նչ Ղարաբաղ», - կատակում են արցախցիները։

 

Թեեւ օղին ավելի ուշ մտավ հայկական իրականություն, սակայն քչերը գիտեն, որ արցախյան հայտնի «թոթի արաղի» խորհրդանիշ թթենիներն այստեղ հայտնվել են շատ ավելի վաղ, քան Ցարական իշխանությունը եւ դարեր առաջ տասնյակ հազարներով այստեղ են տնկվել մետաքսի մեծաքանակ արտադրության նպատակով։

 

28-ամյա Դերենիկ Թավազյանը, ինչպես բոլոր հացեցիները, օղու պատրաստման գաղտնիքները յուրացրել է ընտանիքի մեծերից, սակայն բաղադրատոմսով կիսվել չի շտապում, ի վերջո՝ այլեւս բիզնես գաղտնիք է։ Երկու երեխաների հայր Դերենիկը չի զլանում փորձելու հայրենի գյուղում իր սիրելի գործով զբաղվելու եւ այն կայուն եկամտի աղբյուր դարձնելու բոլոր հնարավորությունները. արդեն հասցրել է մասնակցել «Կարմիր Խաչ»-ի եւ «Սահման» հ/կ-ի հայտարարած մրցույթներին, ջերմոց եւ օղու սեփական արտադրամաս ունենալ հայրական տան փոքրիկ բակում։ Ծրագրի հաստատման պես տան նախկին թոնրատան տարածքի բարեկարգումն ու արտադրամասի համար պահանջվող պայմանների ստեղծումը 28-ամյա հացեցուց պահանջել է ընդամենը 10 օր։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Եթե արդեն նորմալ քինա՝ պիտակները տյուս հանինք եւ այլն, մտածալ ըմ, վեր բրենդի անունը ինի «Հացի», - ապագայի իր նոր պլաններով կիսվում է Դերենիկը։

 

Ըստ նրա՝ ամեն սեզոնի կկարողանա արտադրել մոտ 8 տոննա տեղական խաղողի, հոնի, շլորի, թզի եւ, իհարկե, թթի օղի, որի ապառման հետ կապված կասկածներ չունի։ Վստահ է՝ եւ՛ հարազատ գյուղում, եւ՛ Արցախի ամբողջ տարածքում ու Հայաստանում «Հացի»-ն կունենա իր հավատարիմ գնորդները։

 

«Մինակ իմ խանութի մաջին 3-4 ամսվա մեջ 300 լիտր արաղը ես ծախալ ըմ», - նշում է Դերենիկը՝ հավելելով, որ թորման ժամանակ բացի խաղողից մնացյալ հումքը վերցնում են հենց գյուղից, իսկ խաղողի պակասության դեպքում գնում այն հարեւան Գիշիից եւ Ճարտարից։

 

«Գյուղում երկու դասատու, մի երկու բանակային, դպրոցը, բուժկետը, ուրիշ աշխատատեղ չկա, հիմնականում անասնապահությունն է», - շարունակում են Թավազյանները, որոնք հետպատերազմյան Հացիի ոչ այնքան դյուրին պայմաններում հասցնում են միաժամանակ առնվազն երեք տեսակի աշխատանքով զբաղվել։ Հացեցի մեծահասակները հաճախ պնդում են՝ «Եթե Հացիում ապրելու միջոց չգտար՝ ոչ մի տեղ չես գտնի»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Թե՛ հողագործության, թե՛ անասնապահության պայմանները Հացիում խիստ բարդացել են Արցախյան վերջին պատերազմից հետո. երկուսի համար էլ պահանջվում է տարածք, կամ էլ՝ քիչ թե շատ անվտանգ տարածք, որն այլեւս երազանքի պես մի բան է դարձել գյուղացիների համար։

 

Դերենիկը նույնպես խաղաղ ժամանակներում ավելի ակտիվ էր զբաղվում անասնապահությամբ, կովերից մեկին սպանեց թշնամու արկը, չորսը կորան, եւս մի քանիսին ստիպված եղան վաճառել, այժմ սահմանափակվում են երկու կովի տված կաթով ու դրանից եկող այլ բարիքներով, թեեւ կենդանիների համար անհրաժեշտ խոտը երբեմն ստիպված են լինում գնել, ինչը նախկինում հացեցիների համար ֆանտաստիկայի ժանրից էր։

 

Մինչ 2020-ի պատերազմը Դերենիկն ու իր մի քանի ընկերները օգտվում էին նաեւ քիչ վերեւ գտնվող Ուղտասար գյուղի դաշտային տարածքներից, որը նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությունից հետո հանձնվեց Ադրբեջանի վերահսկողությանը Ակնա/Աղդամի եւ դրան հարակից այլ տարածքների հետ միասին։ Ադրբեջանցիները առաջ եկան ընդհուպ մինչեւ Վազգենաշեն եւ հայաթափեցին նաեւ այդ գյուղը, ինչից հետո Հացին նույնպես համալրեց սահմանամերձ դարձած գյուղերի այլեւս անվերջ թվացող նոր ցուցակը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այնուամենայնիվ՝ Դերենիկը հպարտությամբ է նշում. «Կռվից հետո շենումը ընդհանրապես մարդ չի պակասել», ավելին՝ քիչ թվով տեղահանվածների էլ են ընդունել։

 

«Շտեղ տյուս կյանք, իմ հայրական գյուղս թողամ շտեղ քինիմ, վեչ տվալում թորքին, վեչ պեն, ինչի համար տյուս կյամ», - հեռանալու մասին հարցումներին զարմացած արձագանքում է Դերենիկը։

 

Սոֆիա Հակոբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին