Ստամբուլում մեկնարկել է «Իսլամաց(վ)ած հայերի մասին» գիտաժողովը - Mediamax.am

exclusive
3099 դիտում

Ստամբուլում մեկնարկել է «Իսլամաց(վ)ած հայերի մասին» գիտաժողովը


Ստամբուլում մեկնարկել է «Իսլամաց(վ)ած հայերի մասին» գիտաժողովը
Ստամբուլում մեկնարկել է «Իսլամաց(վ)ած հայերի մասին» գիտաժողովը

Լուսանկարը` հեղինակի


Ստամբուլում մեկնարկել է «Իսլամաց(վ)ած հայերի մասին» եռօրյա գիտաժողովը` կազմակերպված Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամի եւ Ստամբուլի Բոազիչի համալսարանի կողմից:

 

Ինչպես նշում են կազմակերպիչները`Թուրքիայում նման թեմայով առաջին գիտաժողովն է կազմակերպվում եւ, դատելով մասնակցության հայտերի քանակից, այն մեծ հետաքրքրություն է առաջացրել երկրում: Հիմնադրամը նախատեսված 200 հոգու փոխարեն մասնակցության 600 հայտ է ստացել:

 

Նման հետաքրքրությունը կազմակերպիչները պայմանավորում են նրանով, որ մինչեւ վերջերս պատմությունը լռում էր իսլամաց(վ)ած հայերի կենդանի մնալու փաստը, սակայն վերջին տարիներին նկատվում է այդ մասին պատմող հուշագրերի, ուսումնասիրությունների եւ բնութագրերի թվի աճ:

 

Հիմնադրամի ունեցած տվյալների համաձայն, իսլամաց(վ)ած հայերի թիվը զգալիորեն աճել է հատկապես 1915-16 թվականներին` Հայոց ցեղասպանության պատճառով:  

 

«Գիտենք, որ անհայտ թվով հայեր 1915 թվականի ջարդերից եւ մահվանից փրկվել են որպես մուսուլման ընտանիքի որդեգրված զավակ, իսկ չափահասներից որոշ կանայք, ինչպես նաեւ ավելի քիչ թվով տղամարդիկ փրկվել են ամուսնանալով մուսուլմանների հետ, իսկ ավելի բացառիկ դեպքերում մի ընտանիքի, թաղամասի կամ գյուղի հայեր կենդանի են մնացել` մահմեդականություն ընդունելով»,- գիտաժողովի բացմանն ասաց Հրանտ Դինքի անվան հիմնադրամի նախագահ, Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքը:

 

«Այսպիսով, կենդանի մնացած հայերի մի մասը (հատկապես տղամարդիկ), նույնիսկ եթե հետագա տարիներին միացել են, շատերը իրենց կյանքը շարունակել են որպես մուսուլման, իրենց տրված թուրքական, քրդական եւ արաբական անունով, իրենց պատմությունը գաղտնի պահելով», - նշել է նա:

 

Գիտաժողովի միջոցով կազմակերպիչները նպատակ ունեն մեկտեղել իսլամաց(վ)ած հայերի մասին առկա պատմությունները, ինչպես նաեւ քննարկումներ եւ նոր ուսումնասիրություններ ծավալել լռությունը խախտված թեմայի շուրջ:

 

Միջոցառմանը զեկուցելու նպատակով շուրջ քսան փորձագետներ ժամանել են ԱՄՆ-ից եւ եվրոպական երկրներից: Հայաստանից զեկույցներով հանդես կգան «Ձայն համշենական» ամսաթերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, թուրքագետ Գայանե Չոբանյանը եւ ուրիշներ: Գիտաժողովի

շրջանակներում կներկայացվեն թեմատիկ ութ ֆիլմեր:

 

«Լավ կամ վատ երազում անգամ հնարավոր չէր տեսնել, որ մի օր նման գիտաժողով կկազմակերպվի», - ասում է Սերգեյ Վարդանյանը: «Բայց թե Թուրքիայում ինչ արձագանք կլինի քաղաքական մակարդակով` առայժմ դժվար է ասել: Թեպետ սա այն հարցն է, որ անգամ հայերս մեկ միասնական պատասխան չունենք` արդյո՞ք իսլամացած հայերը հայ են, թե ոչ», - ասում է նա:

 

Գիտաժողովում` մինչեւ նոյեմբերի 4-ը ներառյալ, կքննարկվեն թեմային առնչվող բազմաթիվ հարցեր, ինչպիսիք են, օրինակ, իսլամաց(վ)ած հայերի հաղթահարած ուղին եւ դժվարությունները, ազդեցությունը իրենց սերունդների վրա, նրանց սեփական ինքնության ձեւավորումն ու պատկանելության զգացումը եւ ազդեցությունը իսլամացած հայերով բնակեցված տարածաշրջանների վրա: Օրակարգում առկա է նաեւ քաղաքական զարգացումների ու լարվածության ազդեցությունը իսլամաց(վ)ած հայերի վրա, ինչպես նաեւ թեմայի շուրջ աճող հետաքրքրության պատճառը վերջին տարիներին:

 

Սուրեն Դեհերյան

Ստամբուլից` հատուկ Մեդիամաքսի համար

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին