Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Իրանի կողմից հարձակման գործողությունները անպատասխան չեն մնա»:
«Մարտի 5-ին Իրանի զինված ուժերն Իրանի տարածքից անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են իրականացրել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա, այդ թվում՝ միջազգային օդանավակայանի եւ այլ քաղաքացիական ենթակառուցվածքի ուղղությամբ»,- նշել են Ադրբեջանի ՊՆ-ում:
«Ամբողջ պատասխանատվությունը տեղի ունեցածի համար կրում է Իրանի Իսլամական Հանրապետությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պատրաստում է անհրաժեշտ հակամիջոցներ երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, ինչպես նաև խաղաղ բնակիչների ու ենթակառուցվածքային օբյեկտների անվտանգությունն ապահովելու համար.
«Հարձակման այս գործողությունները անպատասխան չեն մնա»:
Ադրբեջանի ԱԳՆ-ն ևս հայտարարությամբ է հանդես եկել.
«Ադրբեջանի տարածքի վրա այս հարձակումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին եւ նպաստում է տարածաշրջանում լարվածության աճին: Մենք պահանջում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն անհապաղ պարզաբանի այդ հարցը, բացատրություններ տա եւ ձեռնարկի անհրաժեշտ անհետաձգելի քայլեր՝ ապագայում նմանատիպ միջադեպերի կրկնությունը կանխելու համար: Ադրբեջանական կողմը պահպանում է համապատասխան հակամիջոցներ ձեռնարկելու իրավունքը»:
Ադրբեջանում Իրանի դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուն կանչվել է ԱԳՆ, որտեղ իրանական կողմին կտրուկ բողոք է հայտնվել:
Մեդիամաքսը հիշեցնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մարտի 4-ին այցելել է Բաքվում Իրանի դեսպանատուն եւ ցավակցություն հայտնել Գերագույն առաջնորդ այաթոլա Սեյեդ Ալի Խամենեիի եւ բազմաթիվ խաղաղ բնակիչների զոհվելու կապակցությամբ:
Իրանի դեսպանը երախտագիտություն էր հայտնել Ադրբեջանի նախագահին՝ դեսպանություն այցելելու եւ ցավակցություն հայտնելու համար:















