Ալիեւ. Մեր տարածքով տարանցումը բացառիկ նշանակություն ունի Հայաստանի համար - Mediamax.am

Փետրվար 10, 2026
320 դիտում

Ալիեւ. Մեր տարածքով տարանցումը բացառիկ նշանակություն ունի Հայաստանի համար


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով տարանցումը «բացառիկ նշանակություն» ունի Հայաստանի համար:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, փետրվարի 9-ին ԱՄՆ Առեւտրի պալատի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Ալիեւն ասել է.

 

«Տրանսպորտային կապակցվածության զարգացման նախագծերը մեծ հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանի համար: Չնայած այն հանգամանքին, որ մենք 30 տարի հայկական ագրեսիայի եւ օկուպացիայի թիրախում էինք, հենց Ադրբեջանն է արել առաջին քայլը դեպի խաղաղություն: Մենք Հայաստանին խաղաղություն առաջարկեցինք, եւ խաղաղությունը հաստատվեց նախագահ Թրամփի աջակցությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին: 

 

Եվ հիմա մենք ոչ միայն վերացրել ենք բեռների տարանցման բոլոր սահմանափակումները դեպի Հայաստան, քանի որ Հայաստանը չունի հուսալի տրանսպորտային եւ հաղորդակցային երթուղիներ, եւ Ադրբեջանի տարածքով տարանցումը նրանց համար բացառիկ նշանակություն ունի, այլեւ սկսել ենք նավթամթերք մատակարարել Հայաստան՝ համագործակցության առաջին հիմքերը դնելու համար»:

 

«Ես միշտ ասել եմ, որ Ադրբեջանը երբեք առճակատման ասպարեզ չի դառնա. այն կլինի համագործակցության տարածք: Այստեղ բավականաչափ տեղ կգտնվի բոլորի համար: Այսօր Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունները թեւակոխում են նոր՝ բացարձակապես ֆանտաստիկ դարաշրջան: Մենք շատ ոգեւորված ենք եւ ցանկանում ենք օգտագործել այս հիանալի հնարավորությունը ընկերությունների միջեւ ուղղակի կապեր հաստատելու համար: Ադրբեջանը կարեւոր դեր է խաղում բազմաթիվ երկրների էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Նրանցից տասը Եվրոպական միության անդամ են, տասնմեկը՝ նաեւ ՆԱՏՕ-ի անդամ: Հետեւաբար, այդ երկրների համար Ադրբեջանն այսօր վերածվում է շատ ավելի նշանակալի գործընկերոջ, քան երբեւէ:

 

Բացի այդ, դա կօգնի շատ այլ երկրների, որոնք այժմ տառապում են էլեկտրաէներգիայի եւ գազի հուսալի աղբյուրների սղությունից կամ բացակայությունից: Նախագծերից մեկը, որի վրա մենք այժմ աշխատում ենք, էլեկտրահաղորդման նոր գծերի կառուցումն է՝ բացի գոյություն ունեցողներից, Ադրբեջանից դեպի Եվրոպա՝ Սեւ ծովի հատակով անցնող մալուխի միջոցով, ինչպես նաեւ TRIPP նախագծի շնորհիվ: Այս նախագիծը հնարավոր է դառնում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հասնելուց հետո»,- հայտարարել է Ալիեւը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին