ԵՄ-ն «ամբողջապես աջակցում է» հայ-ադրբեջանական գործընթացին - Mediamax.am

341 դիտում

ԵՄ-ն «ամբողջապես աջակցում է» հայ-ադրբեջանական գործընթացին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական Միությունն այսօր հայտարարություն է տարածել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախաստորագրման վերաբերյալ։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

 

«Մենք ողջունում ենք օգոստոսի 8-ին Սպիտակ տանը վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի կողմից նախագահ Թրամփի ներկայությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված համաձայնագիրը, որը նշանակալի առաջընթաց է տասնամյակներ տեւած հակամարտությունն ավարտելու գործում։

 

Այժմ կարեւոր է ապահովել համաձայնեցված քայլերի ժամանակին իրականացումը, մասնավորապես՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումը եւ վավերացումը։

 

Մարտին խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ հայ-ադրբեջանական երկկողմ բանակցությունների ավարտից հետո սա կարեւոր քայլ էր դեպի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների լիակատար կարգավորումը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման վրա՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։ Կիրառվելուց հետո համաձայնեցված քայլերը, ենթադրվում է, դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի ընդհանուր խաղաղ զարգացման վրա եւ կնպաստեն հասարակությունների մերձեցմանը կայուն խաղաղության եւ համատեղ բարգավաճման նպատակով։

 

ԵՄ-ն ամբողջապես աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ տարիներ շարունակ աշխատել է երկու կողմերի եւ միջազգային գործընկերների հետ՝ կայուն խաղաղության պայմաններ ստեղծելու համար։ Մենք պատրաստ ենք շարունակել գործընկերների հետ աշխատանքը լիակատար կարգավորման ուղղությամբ՝ տրամադրելով լրացուցիչ աջակցություն եւ փորձագիտություն, այդ թվում՝ հաջորդ քայլերի գործնական իրականացման համար»։

 

ԵՄ հայտարարությանը միացել են նաեւ Ալբանիան, Անդորրան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Վրաստանը, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Մոնակոն, Մոլդովան, Չեռնոգորիան, Նորվեգիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սան Մարինոն, Սերբիան, Ուկրաինան եւ Միացյալ Թագավորությունը։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին