Երեւան: Մեդիամաքս: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այսօր Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ տարածաշրջանային բոլոր խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները։
«Մեր Գերագույն առաջնորդը եւ մենք բոլորս կարծում ենք, որ տարածաշրջանային բոլոր խնդիրները պետք է լուծվեն միայն տարածաշրջանային կողմերի միջեւ պայմանավորվածությունների միջոցով։ Մեր կարծիքով, մեր տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի առկայությունը կարող է միայն սրել եւ ապակայունացնել իրավիճակը։ Բնականաբար, մեր համագործակցությունը լույս կսփռի մեր տարածաշրջանի բոլոր խնդիրների վրա»,- Իրանի նախագահի այս խոսքերը մեջբերել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
















