Սիրիահայերի մոտ երկիրը լքելու եւ Հայաստանում զանգվածաբար հաստատվելու տրամադրություններ չկան - Mediamax.am

exclusive
3615 դիտում

Սիրիահայերի մոտ երկիրը լքելու եւ Հայաստանում զանգվածաբար հաստատվելու տրամադրություններ չկան


Լուսանկարը` http://images.google.ru


Երեւան: Մեդիամաքս: Չնայած Սիրիայում օրեցօր աճող լարվածությանը՝ սիրիահայերի շրջանում զանգվածաբար երկիրը լքելու եւ Հայաստանում հաստատվելու տրամադրություններ չկան:

Ինչպես Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում նշել է Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչ, Արաբ գրողների միության անդամ Նորա Արիսսյանը, սիրիահայերի զանգվածային արտագաղթի եւ Հայաստանում կացարան գտնելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

 

«Սիրիահայերի շատ փոքր տոկոսն է ցանկանում հաստատվել Հայաստանում: Հիմնականում խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր ներկայումս աշխատանք չունեն Սիրիայում եւ ցանկանում են աշխատանք գտնել Հայաստանում: Շատ սիրիահայերը այս ամիսներին գալիս են Հայաստան` հանգստանալու նպատակով, բայց դա բնավ չի նշանակում, որ նրանք ետ չեն վերադառնում իրենց բնակավայրեր»,- ասել է Նորա Արիսսյանը:

 

Խոսելով Դամասկոսում տիրող վիճակի մասին՝ նա հայտնել է, որ արդեն մոտ 48 ժամ է, ինչ մայրաքաղաքի կենտրոնում իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չեն լսվում:

 

Այլ է դրությունը Սիրիայի հայաշատ մյուս քաղաքում՝ Հալեպում:

 

Ինչպես Մեդիամաքս-ի թղթակցին Հալեպից հաղորդել է Նանուր Մինասյանը, արդեն մի քանի օր է, ինչ ապստամբները խուժել են քաղաք: «Անդադար պայթյուների ձայներ ենք լսում: Տանից աշխատում ենք դուրս չգալ: Փողոցներում մարդիկ քիչ են, խանութները փակ են», - հաղորդել է նա:

Նանուր Մինասյանի փոխանցմամբ, փողոցային մարտերը ընթանում են հայկական բնակավայրերից հեռու:

 

Ավելի վաղ Մեդիամաքս-ը հաղորդել էր, որ Հայաստանում ապաստան եւ փախստականի կարգավիճակ ստանալու նպատակով ՀՀ Միգրացիոն պետական ծառայությանը դիմել է սիրիահայերի 6 ընտանիք (14 մարդ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին