Ասադը, Սիրիան եւ Հայաստանը. 12 տարիների համառոտ դիտարկումը - Mediamax.am

exclusive
7894 դիտում

Ասադը, Սիրիան եւ Հայաստանը. 12 տարիների համառոտ դիտարկումը


Բաշար Ասադն ու  Սերժ Սարգսյանը
Բաշար Ասադն ու Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: 12 տարի առաջ` 2000 թվականի հունիսի 12-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնեց Դամասկոս` Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադի հուղարկավորման արարողությանը մասնակցելու համար:

Բաշար Ասադին ուղղված ցավակցական հեռագրում ՀՀ նախագահը նշում էր, որ «Սիրիան եւ ողջ արաբական ժողովուրդը կորցրեցին մեծագույն քաղաքական գործիչներից մեկին, ով մեծ ավանդ է ունեցել արաբական աշխարհի ժամանակակից պատմության կերտման գործում»:

 

Պաշտոնական Երեւանը Բաշար Ասադի հետ կապեր հաստատեց դեռեւս նրա հոր կենդանության օրոք: 2000 թվականի հունիսի 1-ին Սիրիայում Հայաստանի դեսպան, ՀՀ ներկայիս նախագահի եղբայր Լեւոն Սարգսյանը հանդիպեց Սիրիայի Ինֆորմատիկայի խորհրդի նախագահ Բաշար Ասադի հետ, ում 10 օր անց իշխող Բաաս կուսակցությունը նշանակեց Հաֆեզ Ասադի հետնորդ: 

 

ՀՀ գիտությունների Ազգային ակադեմիայի Արեւելագիտության Ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Հովհաննիսյանը 2000 թվականի հունիսին Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասում էր, որ երկու անգամ հանդիպել է Հաֆեզ Ասադի հետ, ով շնորհակալություն էր հայտնում հայերին` սիրիական պետականության գործում ներդրած ավանդի համար: Հովհաննիսյանը նշում էր, որ Հաֆեզ Ասադը Սիրիայի խորհրդարանում մշտական տեղ էր ամրագրել հայ պատգամավորի համար, պատշաճ պայմաններ էր ապահովել հայկական կրթական հաստատությունների համար:

 

Խոսելով Բաշար Ասադի մասին` գիտնականը նշում էր, որ ի սկզբանե ավագ Ասադը ապավինում է իր հարազատ եղբորը `Ռիֆաթին, իսկ հետագայում որպես ժառանգ իր ավագ որդուն էր տեսնում: Սակայն, առաջին դեպքում երկու եղբայրներին միջեւ լուրջ տարաձայնություններ առաջացան, իսկ երկրորդ դեպքում` ավագ որդին մահացավ վթարի ժամանակ եւ ընտրությունը կանգ առավ Բաշարի վրա:

 

«Բաշար Ասադը պետք է ճիշտ կողմնորոշվի, կապեր հաստատի զինվորականների, սունի համայնքի, ազգային փոքրամասնությունների եւ տարածաշրջանի երկրների հետ: Միայն այդ դեպքում Բաշարը կկարողանա փոխարինել հորը»,- ասում էր Նիկոլայ Հովհաննիսյանը: 

 

2001 թվականի օգոստոսին պաշտպանության նախարար, ՀՀ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Սիրիա եւ ռազմական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրեց: Դա ռուսական «Վրեմյա Նովոստեյ» թերթին առիթ տվեց պնդելու, որ «հայ-սիրիական հանդիպումը դուրս է գալիս երկկողմ հարաբերությունների շրջանակից եւ տարածաշրջանային քաղաքականության գործոն է դառնում»:

 

«Թուրքիայի կողմից Ադրբեջանին աջակցելը ավելացնում է Իրանի, Հայաստանի եւ Սիրիայի համագործակցության մակարդակը: Սերտ ռազմական եւ ռազմավարական թուրք-իսրայելական համագործակցությունը եւ իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների հնարավոր ակտիվացումը անխուսափելիորեն դեպի միմյանց են մղում Հայաստանը եւ արաբական երկրները, որոնք նույնպես մտահոգ են Թել-Ավիվի ու Անկարայի մերձեցմամբ», - գրում էր թերթը:

 

Այնուհանդերձ, հայ-սիրիական ռազմական համագործակցությունը շոշափելի չդարձավ, ամեն դեպքում, կողմերն այդ հարցն այլեւս չվերադարձան:

 

2006 թվականի ապրիլին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Դամասկոսում հանդիպեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Նույն տարվա դեկտեմբերին Երեւանում Սիրիայի ժամանակավոր հավատարմատար Մուխլիս Ֆարաունը իր երկիրն անվանեց «տարածաշրջանում Հայաստանի արաբական եղբայրը»: Մեկնաբանելով հայ խաղաղապահների ներկայությունն Իրաքում` դիվանագետն ասել էր, որ «լինելով արաբ` ես դեմ եմ Հայաստանի միջամտությանը Իրաքում ռազմական հարցերում, սակայն, լինելով դիվանագետ` քաջ գիտակցում եմ, թե ինչպես եւ ինչու Հայաստանը հայտնվեց այնտեղ»:

 

2009 թվականի հունիսի 17-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պաշտոնական այցով ժամանեց Երեւան: Ճակատագրի հեգնանքով, հանդես գալով Հայաստանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում` Բաշար Ասադը հայտարարեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին նպաստելու Սիրիայի պատրաստակամության մասին` հաշվի առնելով երկու կողմերի հետ  Դամասկոսի լավ հարաբերությունները: Ինչպես հայտնի է, Թուրքիան առաջիններից մեկը ետ կանգնեց Բաշար Ասադից` Սիրիայում իրավիճակի անկայունացումից հետո: 

 

Սերժ Սարգսյան Սիրիայի նախագահի այցը «պատմական» որակեց եւ հատկապես կարեւորեց այն փաստը, որ Սիրիայի ժողովուրդը օգնության ձեռք մեկնեց Ցեղասպանությունից փրկված հազարավոր հայերին: «Սիրիան հայերի երկրորդ հայրենիքն է», - Սերժ Սարգսյանը մեջբերեց Հաֆեզ Ասադի խոսքերը, ով Հայաստան էր այցելել 30 տարի առաջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին