Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող երկաթուղին եւ ավտոճանապարհը պետք է անցնեն Մեղրիի տարածքով։
«Հայկական կողմին խորհուրդ եմ տալիս այս հարցում չզբաղվել մանիպուլյացիաներով։ Ադրբեջանի հիմնական մասը Նախիջեւանի հետ կապելու համար նրանց առաջարկած երթուղին օգտագործման համար բոլորովին պիտանի չէ։ Այն անհնար կլինի օգտագործել ամբողջ տարվա ընթացքում՝ եղանակային պայմանների ու տեղանքի պատճառով։ Ամենաճիշտ տարբերակը Մեղրիի տարածքով անցնելն է։ Դեռ խորհրդային տարիներին այնտեղով երկաթգիծ էր անցնում, մայրուղի էր կառուցվում։ Երկաթուղին եւ ավտոճանապարհը պետք է անցնեն այդ երթուղով։ Մարդիկ եւ բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց որեւէ հսկողության: Հակառակ դեպքում Հայաստանը հավերժ կմնա փակուղի։ Եթե իմ նշած երթուղին չբացվի, մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանը որեւէ այլ կետում»,- ասել է Ալիեւը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։
«Կա եւս մի կարեւոր խնդիր՝ անվտանգությունը։ Ես Հայաստանի ղեկավարությանը բազմիցս ասել եմ, որ Հայաստանի երաշխիքները մեզ համար բավարար չեն: Նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ ասվում է, որ ռուս սահմանապահներն ապահովում են անվտանգությունն ու վերահսկողությունը 42-43 կիլոմետր երկարությամբ տարածքի վրա, եւ այդ պարտավորությունը պետք է կատարվի։ Հայաստանը ցանկանում է խուսափել համաձայնագրի այս կետի կատարումից։ Բայց դա անտրամաբանական է, որովհետեւ ռուս սահմանապահները Երեւանի օդանավակայանում են, Իրանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանին։ Ինչո՞ւ նրանք կարող են այնտեղ լինել, իսկ այստեղ՝ ոչ: Սա ուղղակի պատրվակ է՝ ճանապարհը փակ պահելու համար»,- ասել է Ալիեւը։
«ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարի տեղակալն անհասկանալի հայտարարություն արեց՝ կամ այս երթուղին անցնելու է Հայաստանով, կամ թույլ չեն տա, որ այն իրականացվի։ Մենք արդեն երեք տարի ասում ենք, որ այն պետք է անցնի Հայաստանով, որը թույլ չի տալիս, որ դա տեղի ունենա։ Իսկ հիմա մեզ մեղադրում են այլ ճանապարհ ընտրելու մեջ։ Ստեղծեք պայմաններ, որ այն անցնի Հայաստանի տարածքով, Մեղրիով, իմ նախանշած պայմաններով, ապա այլ տարբերակի կարիք չի լինի։ Այսօր էլ Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի միջեւ կապն իրականացվում է Իրանի տարածքով։ Ինչո՞ւ սրա դեմ չեն առարկում, այլ առարկում ենք միայն Մեղրիով անցնող հատվածի դեմ։ Նման անտրամաբանական ու անիմաստ հայտարարությունները ոչ մեկին պատիվ չեն բերում: Երբ Ամերիկայում ասում են՝ մենք դա թույլ չենք տա, ես արդեն ասել եմ՝ ի՞նչ նկատի ունեն, ինչպե՞ս թույլ չեն տա։ Բանակ կտեղակայե՞ն Զանգիլանում, թե՞ Իրանի տարածքում։ Ինչպե՞ս կարող են թույլ չտալ։ Սա մեր ինքնիշխան գործն է»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: