Երեւան: Մեդիամաքս: Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, «Հարավային Կովկասն այլեւս բացառապես հետխորհրդային տարածաշրջան չէ»։
«Եթե «հետխորհրդային» ասելով` նկատի ունենք ռուսական ազդեցության գոտիները, ապա Հարավային Կովկասում այդ ազդեցությունն այնքան է նվազել, որ կարող է դառնալ անշրջելի։ Իհարկե, ինչ էլ լինի, Ռուսաստանը կմնա տարածաշրջանային խոշոր խաղացող։ Տարածաշրջանին սահմանակից միջուկային տերությունը եւ կայսրության նախկին մետրոպոլիան, որը ներառում էր տարածաշրջանի բոլոր երկրները, ամեն դեպքում կխաղա իր դերը, նույնիսկ եթե գիտակցաբար չձգտի դրան։ Սակայն Ռուսաստանն այլեւս հեգեմոն, հիմնական արտաքին խաղացողն ու արբիտրը չէ»,- գրում է Իսկանդարյանը «Հարավային Կովկասը Պուտինի եւ Էրդողանի միջեւ. հեռանում է արդյո՞ք Ռուսաստանը» հոդվածում։
«Իհարկե, «մենթալ աշխարհագրության» այս փոփոխությունը միանգամից չի լինի: Ռուսաստանի խաղաղապահ ուժերի դուրսբերումը Ադրբեջանից, հայ-ռուսական հարաբերությունների ինստիտուցիոնալ ձեւաչափի փոփոխությունը, Վրաստանի հետագա ինտեգրումը ԵՄ-ին, տարածաշրջանային նոր ձեւաչափերի ստեղծումը՝ այս ամենը ժամանակ է պահանջում։ Սակայն շրջադարձային փուլն արդեն անցած է. Լեռնային Ղարաբաղի խնդիրը գործնականում վերացել է դրա ինքնավար միավորի լուծարմամբ։ Ռուսաստանն այլեւս չի կարող հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մեջ խաղալ այն դերը, որն ուներ մինչեւ 2020 կամ նույնիսկ մինչեւ 2022 թվականը»,- նշում է քաղաքագետը։
«Դա չի նշանակում, որ տարածաշրջանում տուրբուլենտության ռիսկերը կվերանան։ Իրականում հնարավոր է եւ հակառակը։ Համաշխարհային խաղացողների աննշան ուշադրության դեպքում տարածաշրջանը կվերածվի Թուրքիայի, Իրանի եւ Ռուսաստանի միջեւ մրցակցության ասպարեզի: Այն միտքը, որ ուժեղ Ռուսաստանն ավելի վտանգավոր է, քան թուլացածը, առնվազն վիճելի է թվում: Ապագա փոփոխությունները ցանկացած վայրում` Պաղեստինից մինչեւ Սիրիա կամ Կենտրոնական Ասիա, կարող են անկանխատեսելի հետեւանքներ ունենալ: Հաշվի առնելով Էրդողանի Թուրքիայում եւ Պուտինի Ռուսաստանում որոշումների կայացման հատուկ բնույթը՝ հետագա բռնի քայլերը բացառված չեն։
Այժմ արդեն պարզ է, որ Հարավային Կովկասն այլեւս նույն տարածաշրջանը չի լինելու։ Վերջին երեք տարիների ընթացքում տարածաշրջանը Ռուսաստանի «ներքին բակից» վերածվել է տարածաշրջանային տերությունների մրցակցության գոտու, իսկ տարածաշրջանային հակամարտությունները աշխարհաքաղաքականացվել են: Եթե գլոբալ խաղացողները չստանձնեն տարածաշրջանային փոխգործակցության կանոնները որոշող ուժի դերը, Հարավային Կովկասը կարող է վերածվել Նոր Մերձավոր Արեւելքի լիարժեք մասի՝ դրանից բխող բոլոր բացասական երանգներով», - եզրակացնում է հեղինակը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: