Պեսկով. Կարեւոր է խուսափել միջնորդական ներուժ չունեցող երկրների՝ Կովկասում հաստատվելուց - Mediamax.am

1160 դիտում

Պեսկով. Կարեւոր է խուսափել միջնորդական ներուժ չունեցող երկրների՝ Կովկասում հաստատվելուց


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ «Մոսկվան կտրականապես համաձայն չէ իրավիճակը ՌԴ-ի եւ ռուս խաղաղապահների վրա բարդելու փորձի հետ»:

«Մենք հասկանում ենք պահի էմոցիոնալ ինտենսիվությունը, սակայն կտրականապես համաձայն չենք պատասխանատվությունը ռուսական կողմի վրա դնելու փորձի հետ, առավել եւս ռուս խաղաղապահների վրա, որոնք իրական հերոսություն են ցուցաբերում իրենց գործառույթները կատարելիս: Ոչ ոք չի կարող մեղադրել խաղաղապահներին, թե ինչ-որ բան սխալ են արել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Կրեմլի խոսնակը:

 

Նրա խոսքով՝ ՌԴ-ն շարունակում է իր գործունեությունը Ղարաբաղի հայերի բոլոր իրավունքների պահպանության ուղղությամբ, ինչպես նաեւ` կոնտակտները Փաշինյանի հետ.

 

«Մոսկվան հույս ունի, որ Ալիեւի, այդ թվում՝ Էրդողանի հետ հանդիպումները կնպաստեն Ղարաբաղում անվտանգության ապահովմանը եւ կյանքի ընթացքի նորմալացմանը:

 

Ռուսաստանը միայն ողջունում է երրորդ կողմերի միջնորդական ջանքերը Ղարաբաղի հարցում, եթե դրանք ապարդյուն չեն ձեռնարկվում միայն տարածաշրջանում ներկայություն ապահովելու համար:

 

Գլխավորն իրավիճակի հանգուցալուծմանն օգնելն է: Շատ կարեւոր է խուսափել միջնորդական ներուժ չունեցող որեւէ երրորդ երկրների՝ Կովկասում հաստատվելու փորձերից: Դա դժվար թե օգնի իրավիճակին»:

 

Նա ընդգծել է, որ եթե ինչ-որ մեկը կարող է օգնել նվազեցնել լարվածության մակարդակը եւ «օգնել ինտեգրել Ղարաբաղի հայ բնակչությանը նոր իրականությանը, ապա սա ողջունելի է».

 

«Դրա համար, սակայն, անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին