Ադրբեջանը «անօգուտ» է անվանել «հայերի վերաինտեգրմանը» խոչընդոտելու փորձերը - Mediamax.am

3028 դիտում

Ադրբեջանը «անօգուտ» է անվանել «հայերի վերաինտեգրմանը» խոչընդոտելու փորձերը


Լուսանկարը` https://www.state.gov/


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հայտարարությունը` այն անվանելով «իրողությունները միտումնավոր խեղաթյուրող»։

 

«Եվլախում Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների եւ Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած կառուցողական քննարկումների նկատմամբ ԵՄ-ի բացահայտ արհամարհումը վկայում է ԵՄ-ի ներսում որոշակի շրջանակների նեղ քաղաքական նպատակների մասին», - ասում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

 

ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը սեպտեմբերի 21-ին ասել էր, որ «Եվրամիությունը դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ»։

 

Բորելի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում էր.

 

«ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ եւ անարգել մարդասիրական հասանելիություն ապահովել կարիքավոր մարդկանց, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ամբողջական բացման միջոցով՝ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարին եւ հուլիսին կայացված վճիռներին համապատասխան։ Մարդասիրական կազմակերպությունները պետք է կարողանան ազատորեն գործել։ ԵՄ-ն եւ նրա անդամ երկրները պատրաստ են հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերել։

ԵՄ-ն Բաքվին եւ Ղարաբաղի հայերին կոչ է անում շտապ ներգրավվել համապարփակ եւ թափանցիկ երկխոսության մեջ։

 

Ադրբեջանը պատասխանատու է ղարաբաղցի հայերի իրավունքների եւ անվտանգության ապահովման համար, ներառյալ՝ իրենց տներում առանց ահաբեկման կամ խտրականության ապրելու իրավունքը: Քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ միջոցներով կհանդիպի ԵՄ-ի խիստ արձագանքի:

 

ԵՄ-ն պատրաստ է համապատասխան միջոցներ ձեռնարկել իրավիճակի վատթարացման դեպքում»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին