Փաշինյան. Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա - Mediamax.am

4644 դիտում

Փաշինյան. Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա


Լուսանկարը` https://44days.info/


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Թալիշ գյուղում մարտի 18-ին «Ադրբեջանի ղեկավարի ելույթն այլ կերպ, քան՝ ագրեսիվ, դժվար է որակել»:

«Ադրբեջանի ղեկավարությունը ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության երաշխավորման կամ «ինտեգրացիայի» իր մոդելը։

 

Թալիշ գյուղում տեղի ունեցածն Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման եւ ցեղասպան քաղաքականության հիմնարար եւ հիմնավոր ապացույց է: Այդ գյուղում սեփականության իրավունքով հայերի տները քանդում է Ադրբեջանը եւ կառուցում ադրբեջանցիների համար նախատեսված տներ:

 

Հայերի տները քանդելուն զուգահեռ հինավուրց հայկական կոթողների վրայից հայերեն արձանագրությունները ջնջելու գործողություններն ապօրինի են եւ հակասում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին, որտեղ ասվում էր՝ ներքին տեղահանված անձինք եւ փախստականները վերադառնում են ԼՂ եւ հարակից շրջաններ»,- կառավարության նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նրա խոսքով՝ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարություններից կարելի է դուրս բերել մեկ հիմնական ուղերձ՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի ակտ եւ բարձագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում:

 

«Ադրբեջանը շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզների վրա դելիմիտացիա անելու մասին, որը բացարձակապես անընդունելի է այն պատճառով, որ հակասում է բարձագույն մակարդակով ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին:

 

Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունների խախտումներն են պատճառը, որ մենք շարունակում ենք պնդել՝ թե Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, թե ԼՂ ժողովրդի անվտանգության եւ իրավունքի հարցով Ստեփանակերտ-Բաքու ֆորմատում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման համար հարկավոր են հուսալի միջազգային մեխանիզմներ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա ասել է նաեւ, որ Ադրբեջանի կողմից միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները նրան քաջալերում են գնալ նոր սադրանքների: Որպես օրինակ Նիկոլ Փաշինյանը բերել է նախօրեին Երասխի հատվածում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողի փաստը:

 

«Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա: Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունը եւ խոսույթը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր կառավարությունը ճիշտ է ընթերցել Ադրբեջանի ուղերձները եւ այս շարունակական, ՀՀ գոյության իրավունքը կասկածի տակ դնող խոսույթն է ԼՂ հակամարտության չկարգավորման պատճառը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Եզրափակելով խոսքը՝ նա նշել է, որ «խաղաղության պայմանագիր լինելու է եւ լինելու է մինչ օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր պայմանավորվածությունների վրա»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին