Ադրբեջանը 3 տարի շարունակ փակ է պահում իր ցամաքային սահմանները - Mediamax.am

796 դիտում

Ադրբեջանը 3 տարի շարունակ փակ է պահում իր ցամաքային սահմանները



Ներկայացնում ենք BBC-ի ռուսական ծառայության պատրաստած հոդվածի հայերեն թարգմանությունը՝ որոշակի կրճատումներով:

 

Համավարակի մեկնարկից անցած վերջին երեք տարին հազարավոր ադրբեջանցիներ եւ վրացիներ զրկված են հարազատներին տեսնելու հնարավորությունից եւ կորցնում են բիզնեսը՝ Ադրբեջանի կողմից ցամաքային սահմանները փակ պահելու պատճառով։

 

Իշխանությունների պաշտոնական վարկածին, ըստ որի այս միջոցը պայմանավորված է Covid-ից պաշտպանությամբ, քչերն են հավատում։

 

Թամարն ու ամուսինը՝ Ամիրանը չորս տարի է չեն տեսել իրենց թոռնիկին, թեեւ ապրում են դստերից մոտ 200 կիլոմետր հեռավորության վրա։ Նա վերջերս եւս մեկ երեխա է լույս աշխարհ բերել, սակայն տատիկն ու պապիկը նրան կարող են տեսնել միայն Skype-ով։

 

Թամարն ու Ամիրանը ազգությամբ էթնիկ վրացիներ են, որոնք բնակվում են Ադրբեջանի հյուսիսում գտնվող սահմանամերձ Գախ քաղաքում: Հերոսների անունները փոխված են իրենց իսկ խնդրանքով. նրանք զգուշանում են բացահայտ խոսել այս թեմայով՝ վախենալով արժանանալ Ադրբեջանի իշխանությունների զայրույթին։

 

Նախկինում Թամարն ու Ամիրանը տարին երկու-երեք անգամ այցելում էին Վրաստանում գտնվող հարազատներին, իսկ այժմ այնտեղ կարող են հասնել միայն ինքնաթիռով Բաքվից։ Գնացքները դեպի մայրաքաղաք 2020 թվականից ի վեր նույնպես չեն երթեւեկում, իսկ ավտոբուսով գրեթե 400 կմ ճանապարհ է պետք անցնել։ Ինքնաթիռի տոմսն արժե առնվազն 300 մանաթ (176 դոլար)՝ Թամարի գրեթե մեկ ամսվա աշխատավարձը:

 

Կարանտինային ռեժիմ

 

Ադրբեջանում «հատուկ կարանտինային ռեժիմը» մտցվել էր 2020 թվականի մարտին, երբ ամբողջ աշխարհը փակվում էր կորոնավիրուսից։ Առաջին երկու տարիներին երկրում գործում էին խիստ կանոններ եւ արգելքներ։ Սահմանափակումների մեծ մասը հանվել է 2022 թվականի ամռանը։ Երկրի օդային տարածքը բաց էր նույնիսկ համաճարակի պայմաններում։

 

BBC-ն հարցում է ուղարկել կառավարություն՝ պարզելու, թե ինչու են սահմանները փակ մնում, սակայն հրապարակման պահին պատասխան չի ստացվել։

 

Վրաստանը ցամաքային սահմանները բացել է դեռեւս 2021 թվականին, սակայն ադրբեջանական կողմից դրանք դեռեւս փակ են բոլորի համար, բացառությամբ՝ Ադրբեջանից մեկնող Վրաստանի քաղաքացիների։ Մինչեւ անցած ամառ Վրաստանում բնակվողները կարող էին դիմել Ադրբեջանի դեսպանատուն՝ ցամաքային սահմանը հատելու թույլտվություն ստանալու համար, բայց այժմ նման տարբերակ այլեւս չկա։

 

Ինչպես ընդդիմությունը, այնպես էլ շարքային քաղաքացիների մեծ մասը չեն հավատում, որ պատճառը համավարակն է։ Ոմանց կարծիքով, փակ սահմանները ինչ-որ կերպ պայմանավորված են այն հանգամանքով, որ Ղարաբաղում, որտեղ 2020 թվականի աշնանը պատերազմ եղավ, դեռ անհանգիստ է, մյուսները ենթադրում են, որ իշխանությունները վախենում են մոբիլիզացիայից փախչող ռուսների հոսքից։

 

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում ապրում է շուրջ 10 հազար էթնիկ վրացի, ինչը կազմում է երկրի բնակչության 0,1%-ը։ Մինչդեռ Վրաստանում շատ ավելի շատ ադրբեջանցիներ կան. 2014 թվականի մարդահամարի տվյալներով, դա երկրի ամենամեծ ազգային փոքրամասնությունն է՝ բնակչության 6,3%-ը կամ 233 հազար հոգի: Նրանք գրեթե բոլորը բնակվում են երկրի հարավ-արեւելքում գտնվող Քվեմո Քարթլիի շրջանում և, ի տարբերություն Գախի, գրեթե բոլորը հանդիպելիս դժգոհում են սահմանի հետ կապված իրավիճակից։

 

«Այստեղ ամեն ինչ մեռած է»

 

Նախկինում «Կարմիր կամուրջ» սահմանային անցակետի վրացական կողմում կյանքը եռում էր. շարք-շարք կանգնած էին պանրի, գինու, վրացական համեմունքների վաճառողները։ Մարդատար ավտոբուսները շարժվում էին սյունակներով, իսկ տաքսիստները պտտվում էին շուրջը։ Տեղացիներից շատերը գումար էին վաստակում սահմանի մյուս կողմ ապրանքներ տեղափոխելով՝ կարտոֆիլ, սոխ, պանիր:

 

Այժմ այստեղ դատարկություն է: «Ամեն ինչ մեռած է»,- ասում է տաքսու վարորդներից մեկը։

 

Տեղի ադրբեջանցիներից մեկն ինձ պատմեց, որ ինքնաթիռի տոմսի համար վճարել է 1000 լարի (380 դոլար)՝ բարեկամի երեխային Վրաստան բերելու համար, թեեւ նրանց տունը սահմանին շատ մոտ է: «Այստեղից մինչեւ իրենց տուն երկու կիլոմետր է, ընդամենը երկու կիլոմետր: Ես ոտքով էի գնում նրանց տուն, բայց հիմա այլեւս չեմ կարող»,- գրեթե բղավում է տղամարդը։

 

Քառասուն րոպե հեռավորության վրա հիմնականում էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլի քաղաքում Բաքվից ժամանած այցելուին տեսնելով՝ մարդիկ իրենք են սկսում խոսել խնդրի մասին:

 

«Ե՞րբ եք սահմանները բացելու»,- հարցնում է տեղական շուկայում համեմունքներ վաճառող կինը: Թափ եմ տալիս ուսերս։ Լսելով մեր զրույցը՝ մարդիկ հավաքվում են մեր շուրջը՝ եւ՛ վաճառողները, եւ՛ հաճախորդները։ Բոլորը միաժամանակ խոսում են, բայց խնդիրները նույնն են՝ երկու կողմից մարդիկ չեն կարողանում հասնել հարազատների թաղմանը, հարսանիքներին, բուժմանը։

 

Հարեւան Ռուսթավի քաղաքը խորհրդային տարիներին արդյունաբերական կենտրոն էր, իսկ այժմ հայտնի է որպես օգտագործված մեքենաների վաճառքի կենտրոն, դրանք այստեղ են բերվում ամբողջ աշխարհից։ Տարիներ շարունակ Ադրբեջանի քաղաքացիներն այստեղից մեքենաներ էին գնում։

 

Ազամատը շուկայում աշխատում է ութ տարի։ Իր խոսքով, սահմանները փակվելուց հետո հաճախորդների թիվը նվազել է. «Հիմա գնորդը պետք է մեքենան տեղափոխի քարշակով, ինքն էլ թռչի ինքնաթիռով։ Դրանք լրացուցիչ ծախսեր են, որոնք սահմանափակում են ադրբեջանցիների մուտքը»։

 

Թանկ թռիչքներ

 

Նախահամաճարակային շրջանի համեմատ՝ Ադրբեջանից Վրաստան եւ հակառակ ուղղությամբ ուղեւորահոսքը մի քանի անգամ նվազել է, մինչդեռ օդայինը՝ աճել՝ ցամաքային սահմանների փակ լինելու պատճառով։

 

Այսպես, Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2019 թվականին Վրաստանից Ադրբեջան է ժամանել 601 հազար մարդ, որից միայն 11 հազարը (2%-ից պակաս)՝ ինքնաթիռով։ 2022 թվականին փակ ցամաքային սահմաններով Վրաստանից Ադրբեջան է թռչել 83 հազար մարդ։

 

2019 թվականին Ադրբեջանից Վրաստան ժամանել էր 1,35 միլիոն՝ ցամաքային սահմանը հատել էր 1,337 միլիոն, իսկ ինքնաթիռով մեկնել ընդամենը 16 հազարը (1,2%)։ 2022 թվականին Վրաստան է մեկնել 128 հազար ադրբեջանցի, բոլորը՝ ինքնաթիռով։

 

Այսպիսով, Վրաստանից Ադրբեջան օդային  ուղեւորահոսքը աճել է գրեթե ութ անգամ, իսկ Ադրբեջանից Վրաստան՝ չորսուկես անգամ։

 

Բաքվի եւ Թբիլիսիի միջեւ թռիչքներն իրականացնում են միայն երկու փոխադրողներ՝ պետական AZAL «Ադրբեջանական ավիաուղիները» եւ նրանց պատկանող Buta Airways լոուքոստերը: Եթե 2017 թվականին շաբաթական մոտավորապես ութ նման չվերթ էր իրականացվում, ապա այժմ՝ օրական չորսը։ Չնայած դրան, AZAL-ը շարունակում է վնասով աշխատել։

 

Բաքվից ավիատոմսերն իսկապես բավականին թանկ են․ Buta Airways-ով Թբիլիսի եւ հակառակ ուղղությամբ մեկնելու ամենաէժան տարբերակը արժե 168 դոլար, մինչդեռ երկրում միջին աշխատավարձը 765 մանաթ է (450 դոլար): Նմանատիպ հեռավորությունների համար եվրոպական երկրների միջեւ թռիչքները սովորաբար մի քանի անգամ ավելի էժան են:

 

Ադրբեջանում ավիատոմսերի բարձր արժեքն անհանգստացնում է ինչպես շարքային քաղաքացիներին, այնպես էլ խորհրդարանի պատգամավորներին։ Ադրբեջանական շուկայում գործող հունգարական WizzAir լոուկոստերի եւ թուրքական Pegasus-ի ներկայացուցիչները նման բարձր գները բացատրում են Բաքվի օդանավակայանում սպասարկման բարձր գնով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին