Փաշինյան. «Միջանցքի» մասին ձեւակերպումները «կարմիր գիծ» են մեզ համար - Mediamax.am

4190 դիտում

Փաշինյան. «Միջանցքի» մասին ձեւակերպումները «կարմիր գիծ» են մեզ համար


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ բազմաթիվ հարթություններում հաղորդակցություն ունի, եւ վերջերս կազմվել է Սահմանազատման հանձնաժողով:

Նա ասել է, որ մեկ հանդիպում է տեղի ունեցել, բայց արդեն համաձայնություն կա, որ երկրորդ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում, իսկ երրորդ հանդիպումը` Բրյուսելում:

 

«Հույս ունենք, որ մեր միջազգային գործընկերների աջակցությամբ մեզ կհաջողվի դելիմիտացիայի ենթարկել մեր սահմանները: Իրականում Սահմանազատման հանձնաժողովը որեւէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ, որովհետեւ մենք Ադրբեջանի հետ հաղորդակցության տարբեր հարթություններ ունենք, որոնցից մեկը սահմանազատման աշխատանքներին է վերաբերում: Նաեւ շատ կարեւոր է նշել սահմանի անվտանգության հարցը, որը նույնպես այս հանձնաժողովի մանդատի ներքո է, որովհետեւ մենք պետք է պահպանենք կայունություն եւ անվտանգություն ամբողջ սահմանի երկայնքով»,- ասել է Փաշինյանը:

 

Նա նշել է, որ երկրորդ հարթությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումն է։ Կա եւս մեկ հարթություն, որը տարածաշրջանային, տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների բացման մասին է, բայց ամենահրատապ հարցը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ տարածաշրջանային խաղաղության համար Լեռնային Ղարաբաղի հարցն է։

 

Պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է Հայաստանի մոտեցումն ու դիրքորոշումն այն միջանցքի նկատմամբ, որը ենթադրաբար պետք է կապի Ադրբեջանը եւ Թուրքիան, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ անընդունելի են այսպես կոչված միջանցքի մասին ձեւակերպումները:

 

«Դա մեզ համար կարմիր գիծ է, քանի որ մեր տարածաշրջանում, համաձայն եռակողմ հայտարարության, մենք ունենք մեկ միջանցք: Դա Լաչինի միջանցքն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին։ Բայց մեր եռակողմ հայտարարության մեջ ունենք մեկ այլ դրույթ, որը հաղորդակցությունների բացման մասին է։ Նկատի ունեմ երկաթուղիներ, ճանապարհներ, եւ մենք արդեն քննարկում ենք տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու հարցը՝ երկուստեք ինքնիշխանության եւ սահմանների անքակտելիության հարգանքի սկզբունքով»,- ասել է ՀՀ վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին