Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացում ««միջանցքային» որևէ տրամաբանություն չի կարող լինել»։
Կառավարությունից հայտնում են, որ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանը վարչապետը խոսել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեության, տարածաշրջանային հաղորդուղիների բացման, Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ քաղաքացիական անձանց վերադարձի մասին:
«Վարչապետն ընդգծել է՝ Հայաստանը շահագրգիռ է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմամբ, և բոլոր ճանապարհները, որոնք պետք է բացվեն, գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են. «միջանցքային» որևէ տրամաբանություն չի կարող լինել, և սա համընդհանուր ընկալում է։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում Նիկոլ Փաշինյանն առանցքային է համարել ԼՂ կարգավիճակի հարցը և ընդգծել, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:
ՀՀ վարչապետը նկատել է՝ դեռևս բաց է մնում 2021թ. մայիսից Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զորքերի ներխուժման հարցը, ինչի կապակցությամբ ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել ՀԱՊԿ մշտադիտարկման և արագ արձագանքման մեխանիզմների լավարկման շուրջ, ինչը կբարձրացնի կազմակերպության գործունեության և անդամ երկրների անվտանգային մարտահրավերների սպասարկման արդյունավետությունը», - ասված է կառավարության հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: