Ալիեւ. «Ավելի լավ կլինի, որ հայերը մեզ չբարկացնեն» - Mediamax.am

Փետրվար 15, 2026
7878 դիտում

Ալիեւ. «Ավելի լավ կլինի, որ հայերը մեզ չբարկացնեն»


Լուսանկարը` https://www.bloomberg.com/


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «անհեռանկարային» է համարում Ղարաբաղի կարգավիճակի հարցը բարձրացնելու Հայաստանի փորձերը:

«Ցավոք, Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ բարձրացվում է, ինչը լիովին անհեռանկարային է: Կարծում եմ, որ դա վնասակար եւ վտանգավոր է Հայաստանի համար իր ներկայիս ողբալի վիճակում: Նրանք չպետք է մոռանան Ղարաբաղյան երկրորդ պատերազմի դասերը: Եթե Հայաստանը շարունակի Ադրբեջանին տարածքային պահանջներ ներկայացնել, ապա մեզ էլ դժվար կլինի ձեռնպահ մնալ Հայաստանի նկատմամբ փոխադարձ պահանջներից: Մենք դրա համար ավելի շատ հիմքեր ունենք նույն Զանգեզուրի եւ Գեյչա լճի շրջանի պատմական պատկանելության, տարածքային պահանջների ավելի պատմական նախադրյալների առումով: Բայց մենք դրանք չենք ներկայացնում»,- ասել է Իլհամ Ալիեւը ռուսական «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում, որը մեջբերում է Ինտերֆաքս Ադրբեջանը:

 

«Ավելի լավ կլինի, որ նրանք մեզ չբարկացնեն եւ չնյարդայնացնեն, այլ համաձայնեն, քանի դեռ մեր առաջարկը սեղանին է: Նույնը կարող է կրկնվել, ինչպես պատերազմի դեպքում: Մենք Հայաստանին առաջարկեցինք ժամանակին կանգ առնել: Մենք նրանց առաջարկեցինք կամովին լքել մեր օկուպացված տարածքները, սակայն նրանք չհամաձայնեցին, եւ այժմ նրանք քաղում են դառը պտուղները», - ասել է Ադրբեջանի նախագահը:

 

«Մենք նախանշել ենք մեր դիրքորոշումը: Մենք պատրաստ ենք սկսել պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը: Մենք պատրաստ ենք սկսել աշխատանքը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր կնքելու շուրջ: Դա անհրաժեշտ է: Պատերազմն ավարտված է, ղարաբաղյան հակամարտությունը հավերժ կմնա պատմության մեջ: Անհրաժեշտ է նորմալ փոխգործակցություն», - ասել է Ալիեւը:




Մեր ընտրանին