Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն այսօր ասել է, որ օտարերկրյա գրոհայինների մասնակցությունը ղարաբաղյան հակամարտությանը մեծ վտանգ է տարածաշրջանի համար:
«Չնայած դա հերքում են, բայց Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ շատ այլ երկրների հետախուզական ծառայություններն արդեն հայտարարել են, որ ռազմական գործողություններում ներգրավված են այլ պետությունների ահաբեկչական խմբավորումներ:
Սա արդեն շատ լուրջ պատմություն է եւ շատ լուրջ վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար », - ասել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի ղեկավարը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:
Նշենք, որ Իլհամ Ալիեւը շարունակում է հերքել այն փաստը, որ օտարերկրյա զինյալները կռվում են Ադրբեջանի կողմից:
«Մեզ չի ներկայացվել ադրբեջանական բանակում օտարերկրյա վարձկանների ներկայության գոնե մեկ ապացույց: Հայտարարություններ են եղել ֆրանսիական եւ ռուսական կողմերից, բայց դրանից ոչ ավելին, ոչ մի մանրամասն տեղեկատվություն չի տրամադրվել: Մեր հետախուզական ծառայությունները կապ էին հաստատել այդ երկրների հետ` ապացույցներ ստանալու համար, սակայն նրանք ոչինչ չներկայացրեցին: Պետք է ապացույցներ ներկայացնել, կամ խոսքերը հետ վերցնեք»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը Haber Turk թուրքական հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: