Վրաց պաշտոնյան հերքել է լուրը Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցու հրդեհի մասին - Mediamax.am

Փետրվար 12, 2026
9978 դիտում

Վրաց պաշտոնյան հերքել է լուրը Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցու հրդեհի մասին


Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցին
Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցին

Լուսանկարը` http://forum.hayastan.com


Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Թեմուր Գիորգաձեն այսօր «իրականությանը չհամապատասխանող» է անվանել տեղեկատվությունը Թբիլիսիի հայկական Սուրբ Նշան եկեղեցում տեղի ունեցած հրդեհի մասին:

Ինչպես հաղորդում է GHN գործակալությունը, Թեմուր Գիորգաձեն ասել է, որ եկեղեցում հրդեհի բռնկման մասին լուրեր էին ստացվում երկու օր շարունակ: Իր խոսքերով, առաջին դեպքում հրդեհը եկեղեցուն կից ներքնահարկում էր, իսկ երկրորդ դեպքում` եկեղեցու մոտ գտնվող աղբն էր այրվում:  

 

«Իսկապես, կանչեր էին եղել հարակից տարածք, որտեղ աղբ է այրվել: Սակայն դա եկեղեցուն վնաս չի հասցրել: Մենք մաքրման աշխատանքներ ենք իրականացրել, եւ ներկա պահին տաճարին ոչինչ չի սպառնում», - ասել է Գիորգաձեն:

 

Մեդիամաքս-ը նշում է, որ ՀՀ մշակույթի նախարարությունն այսօր հայտնել է, որ Թբիլիսի է գործուղել մասնագիտական հանձնախումբ` հունվարի 9-ի գիշերը Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցում բռնկված հրդեհի հանգամանքները տեղում ուսումնասիրելու համար: Նախարարությունը հայտնել էր, որ եկեղեցում բռնկված հրդեհը մարելու ընթացքում փլուզվել է հուշարձանի հարավարեւելյան սյունը:

 




Մեր ընտրանին