Երեւան: Մեդիամաքս: Մինչեւ 2025-ը Թուրքիան կդառնա տարածաշրջանային խոշոր տերություն, ինչը կհանգեցնի նրա եւ Իրանի միջեւ մրցակցության աճին:
Այդ մասին ասված է 2015-2025 թթ. աշխարհի զարգացումներին վերաբերող ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի կանխատեսման մեջ:
«Մենք մուտք ենք գործել Եվրոպայի կողմից Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում ստեղծված ազգային պետությունների անկման դարաշրջան: Այս երկրներից շատերում իշխանությունն այլեւս չի պատկանում պետություններին եւ անցել է զինված կուսակցություններին, որոնք ընդունակ չեն միմյանց նկատմամբ հաղթանակ տանելու: Դա հանգեցրել է լարված ներքին պայքարի: ԱՄՆ-ը պատրաստ է մասնակցել նման հակամարտությունների՝ իր օդուժի ու ցամաքի վրա սահմանափակ միջամտության միջոցով, սակայն չի կարողանում եւ չի ցանկանում դրանց վերջնական լուծումը ապահովել: Թուրքիան, որի հարավային սահմանն այս պատերազմների պատճառով խոցելի է դառնում, աստիճանաբար ներքաշվելու է հակամարտության մեջ»,- ասված է փաստաթղթում:
«Ժամանակի ընթացքում կպարզվի, որ աշխարհագրական դիրքից ելնելով, Սիրիայի ու Իրաքի կայունացման հարցում շահագրգռված միայն մի երկիր իսկապես հնարավորություն ունի ազատ գործելու այս ուղղությամբ եւ կարող է տարածաշրջանում գոնե սահմանափակ հասանելիություն ձեռք բերել: Այդ պետությունը Թուրքիան է: Հիմա Թուրքիան բոլոր կողմերից շրջափակված է ներարաբական հակամարտություններով, ինչպես նաեւ Կովկասյան եւ Սեւծովյան ավազանի հակամարտություններով: Թուրքիան դեռ պատրաստ չէ լիարժեք անկախ քաղաքականություն վարելու Մերձավոր Արեւելքում ու մինչեւ վերջ համագործակցելու է ԱՄՆ-ի հետ : Այդ համագործակցությունը թույլ կտա զսպման գիծը կտեղափոխի դեպի Վրաստան ու Ադրբեջան»,- նշում են ամերիկացի վերլուծաբանները:
«Թուրքիան, որքան էլ ցանկանա, չի կարող իրեն թույլ տալ անտեսել իր սահմաններում տիրող քաոսը, իսկ մոտակայքում չկա մեկ այլ երկիր, որ կարող է իր վրա վերցնել այդ բեռը: Իրանը չի կարող միջամտել ռազմական ու աշխարհագրական պատճառներից ելնելով, նույնը կարելի է ասել Սաուդյան Արաբիայի մասին: Ամենայն հավանականությամբ, թուրքերը կսկսեն փոփոխական կոալիցիաներ ստեղծել, վերջին հաշվով ընդլայնելով երկրի ազդեցության գոտին մինչեւ Հյուսիսային Աֆրիկա՝ իրավիճակը կայունացնելու նպատակով: Թուրք-իրանական մրցակցությունը ժամանակի հետ միայն կավելանա, սակայն Թուրքիան կպահպանի իր պատրաստակամությունը՝ ըստ պահանջի համագործակցելու Իրանի, ինչպես նաեւ սաուդացիների հետ: Ինչպիսին էլ լինի իրավիճակի դինամիկան, ամեն դեպքում Թուրքիան լինելու է իրադրությունների կենտրոնում:
Մերձավոր Արեւելքը միակ տարածաշրջանը չէ, որտեղ Թուրքիայի ուշադրության կարիքը կլինի: Որքան Ռուսաստանը թուլանա, եվրոպացիները գալու են տարածաշրջաններ, որոնք ավանդաբար եղել են թուրքական շահերի շրջանակում, օրինակ` Մերձսեւծովյան հյուսիսային տարածքները: Հավանաբար, Թուրքիան հյուսիսում հիմնականում տնտեսական ու քաղաքական ուժ է կիրառելու, սակայն որոշակի ռազմական միջամտություն էլ է հնարավոր: Ավելին, Եվրոպական Միության մասնատմանը եւ առանձին եվրոպական տնտեսությունների թուլացմանը զուգահեռ որոշ երկրները կարող են իրենց ուղղվածությունը փոխել դեպի արեւելք, եւ Թուրքիան հնարավորություն կստանա իր ներկայությունը ավելացնել Բալկաններում:
Իսկ մինչ դա հնարավոր կդառնա, թուրքերին անհրաժեշտ է ներքին քաղաքականությունում հավասարակշռություն հաստատել: Թուրքիան միաժամանակ ե՛ւ աշխարհիկ, ե՛ւ իսլամական պետություն է: Իշխանությանը մոտ գտնվող կառավարությունը փորձում է վերացնել այդ անջատումը, սակայն դրանով էլ ավելի է վանում բազմաթիվ սեկուլարիստներին: Շուտով, հավանաբար, նոր կառավարություն կգա: Դա ժամանակակից թուրքական քաղաքականության մշտական թույլ տեղն է: Ինչպես դա արդեն տեղի է ունեցել շատ երկրներում, Թուրքիան ստիպված կլինի ընդլայնվել քաղաքական անորոշության մթնոլորտում: Ներքաղաքական հակամարտությանը զուգահեռ թուրքերը պետք է լուծեն բանակի, հետախուզման ու դիվանագիտական ծառայության խնդիրները, որոնք վերափոխում ու ընդլայնում են պահանջում՝ կապված նոր պահանջների հետ: Ինչեւէ, մենք ակնկալում ենք, որ Թուրքիան առաջիկա 10 տարում կդառնա տարածաշրջանային խոշոր խաղացող»,- եզրափակում է Stratfor-ը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: