Երեւան: Մեդիամաքս: Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարիտիրոսյանը «լավ սկիզբ է» որակել Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի կողմից միասնական գործողություններ իրականացնելու փորձերը, սակայն նշել է, որ այդքանով սահմանափակվել պետք չէ:
«Կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ բողոքը ցույց տվեց, որ մարդիկ արմատական բարեփոխումներ են պահանջում: Իրավիճակը երկրում այնպիսին է, որ անհրաժեշտ է ոտքից գլուխ փոխել գործող համակարգը»,- այսօր լրագրողներին ասել է Արմեն Մարտիրոսյանը:
Նա հույս է հայտնել, որ քաղաքական ուժերն այսուհետ զերծ կմնան նեղ կուսակցական շահեր հետապնդելուց եւ քաղաքացիական խմբերի հետ համագործակցությամբ կպարտադրեն իշխանություններին անցկացնել արդար եւ ազատ ընտրություններ:
«Ժառանգության» փոխնախագահը, պատասխանելով այն հարցին, թե որտե՞ղ է այժմ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, նշել է, որ վերջինս միշտ էլ ակտիվ է եղել «քաղաքական հրապարակում»: Արմեն Մարտիրոսյանի խոսքերով, նախագահական ընտրություններից ուղիղ մեկ տարի անց՝ փետրվարի 18-ին Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է ուղերձով հանդես գալ՝ դիմելով ժողովրդին: Այժմ հստակեցվում են քաղաքացիների հետ հանդիպման ձեւաչափը:
Կուսակցությունն արդեն իրազեկել է Երևանի քաղաքապետարանին այդ օրն Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին, սակայն, ինչպես տեղեկացրել է կուսակցության փոխնախագահը, այս որոշումը դեռ վերջնական չէ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: