Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «երեւակայության արդյունք» է անվանել ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանի ղեկավարը վերջերս եվրոպական կազինոներից մեկում տանուլ է տվել 70 մլն եվրո:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ստրասբուրգում ելույթ է ունեցել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նիստում, այնուհետեւ պատասխանել է ԵԽԽՎ պատգամավորների հարցերին:
«Ժառանգությունը» ներկայացնող Զարուհի Փոստանջյանը ՀՀ նախագահին հարց է ուղղել այն մասին, թե ի՞նչ միջոցների հաշվին է նա վճարել այն 70 մլն եվրոն, որը իբր վերջերս տանուլ էր տվել Եվրոպայում` կազինոներից մեկում:
«Դա ձեր երեւակայության արդյունքն է: Ես Եվրոպայում երբեք կազինոյում չեմ եղել: Ես չեմ խաղում: Ցավոք սրտի, հնարավորություն չունեմ տնօրինել Ձեր մատնանշած գումարները: Եթե նման հնարավորություն ունենայի, ապա այդ գումարի մի մասը Ձեզ կհատկացնեի», - ասել է Սերժ Սարգսյանը` դիմելով Զարուհի Փոստանջյանին:
















