Նիկոլ Փաշինյան. Հակամարտության էջը փակ է - Mediamax.am

Փետրվար 05, 2026
242 դիտում

Նիկոլ Փաշինյան. Հակամարտության էջը փակ է


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի «հակամարտության էջը փակ է»:

Կառավարությունից հայտնում են, որ այդ մասին նա ասել է Աբու Դաբիում «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը հետեւած ելույթում:

 

«Այն, ինչ կատարվում է այստեղ, անհավատալի է։ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները միավորվել են՝ կիսելու Մարդկային եղբայրության «Զայեդ» պատվավոր մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության։

 

Վերջին գրեթե 40 տարիների ընթացքում երբեք չէիք տեսնի «խաղաղություն», «Հայաստան», «Ադրբեջան» բառերը միասին։ Եվ նույնիսկ եթե այս բառերը միասին օգտագործվեին, դա, ըստ էության, կնշանակեր ինչ-որ անհավանական բան։ Ահա թե ինչու, այն, ինչ տեղի է ունեցել 2025 թվականին և տեղի է ունենում հիմա, անհավանական է։

 

Սակայն այս արարողությունը միայն խաղաղության համաձայնագիրը տոնելու մասին չէ, այն նաև Հայաստանի և Ադրբեջանի կողմից այն փաստի հաստատումն է, որ հակամարտության էջը փակ է, հակառակ դեպքում անիմաստ կլիներ Ադրբեջանի նախագահի կամ ինձ համար գալ այստեղ և արժանանալ այս պատվին»։

 

«Անհավատալի բաները տեղի են ունենում, երբ կա հավատ, նվիրվածություն, տեսլական և իմաստություն։ Կարծում եմ՝ խաղաղության համաձայնագիրը կնքվեց, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը հասկացան, որ հակամարտությունը պետք է դադարեցվի հիմա, հակառակ պարագայում այն երբեք չի դադարեցվի՝ բերելով նորանոր տառապանքներ երկու երկրներին և ժողովուրդներին։

 

Սակայն, չնայած մրցանակը պաշտոնապես հանձնվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, այն հիրավի մեր ժողովուրդների ձեռքբերումն է։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համարձակ քայլեր են ձեռնարկել, բայց մեր ժողովուրդների նոր ապագա ընտրելու պատրաստակամությունն է, որ իսկապես հնարավոր է դարձնում պատմական այս պահը։

 

Հետևաբար, այս մրցանակը նույնքան կարևոր է յուրաքանչյուր հայի և ադրբեջանցու համար, ովքեր համարձակություն են ունեցել ապավինել խաղաղությանը։ Եվ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր երկու ժողովուրդներին այն ընկալման համար, որ անցյալը փոփոխման ենթակա չէ և այն մեր հնարավորությունից դուրս է։

 

Հետևաբար, մենք չպետք է կենտրոնանանք այն բանի վրա, ինչը չենք կարող փոխել, մենք պետք է կենտրոնանանք մեր ազգերի համար խաղաղ և բարգավաճ ապագա կերտելու վրա: Սա հեշտ ճանապարհ չէ: Որովհետև կա մեծ անվստահություն, հոռետեսություն, զայրույթ և նույնիսկ ատելություն», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին