Երեւան։ Մեդիամաքս։ Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է TRIPP-ի շուրջ պայմանավորվածություններին, դրա վերաբերյալ Իրանի մտահոգություններին եւ այլ հարցերի։
Մեդիամաքսը ներկայացնում է հատվածներ ճեպազրույցից։
TRIPP-ի շուրջ պայմանավորվածությունները՝ անկյունաքար
ՀՀ եւ ԱՄՆ անունից տարածված TRIPP-ի իրագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը խաղաղության գործընթացի հերթական անկյունաքարային փաստաթուղթն է։ Ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է հնարավորինս արագ ամրագրվեն դե-յուրե համաձայնագրերի տեսքով։ Այս կարեւոր քայլով խաղաղության գործընթացի առանցքային եւ սկզբունքային հարցերից մեկը՝ տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակումը, լուծում է ստանում շրջանակային մակարդակում՝ հասցեագրելով բոլոր հիմնարար հարցերը։
TRIPP անունով ընկերությունը պետք է ստեղծվի Հայաստանում։ Նաեւ պետք է սահմանենք երթուղիները, կառուցապատման իրավունքները, հողի օգտագործման եւ շինարարության թույլտվությունները։ Պետական կառույցները պետք է արդեն այսօրվանից պատրաստվեն առաջիկա գործընթացներին։
Իրանի մտահոգությունների մասին
TRIPP ծրագրի հետ կապված հարցերը մանրամասն քննարկվել են իրանցի գործընկերների հետ։ Հայաստանը պատրաստ է շարունակել մշտական երկխոսությունը։
2025 թվականի օգոստոսի 19-ին Իրանի նախագահի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ մենք շատ հանգամանալից, երկար եւ մանրամասն զրուցել ենք եւ կարծում եմ, որ բոլոր հարցերի պատասխանները տվել ենք։ Նշել ենք, որ հետագայում եւս պատրաստ ենք շարունակական կապի մեջ լինել եւ պատասխանել բոլոր հարցերին։
Հայաստանը բանակցային գործընթացներում հաշվի է առնում միջազգային գործընկերների կարծիքներն ու մտահոգությունները եւ բանակցությունների ժամանակ փորձում է հասնել հավասարակշռված լուծումների, ինչը, կարծում եմ, այս դեպքում հաջողվել է։
Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցությունը
Մենք վերահաստատում ենք մեր քաղաքական կամքը՝ համաձայնեցված շրջանակում ապահովելու Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ անխոչընդոտ հաղորդակցությունը։ Մեր տրամադրությունն այն է, որ այստեղ եւս պետք է դուրս գանք հակամարտության տրամաբանությունից եւ անցնենք նորմալ, խաղաղությանը հարիր մթնոլորտի եւ մտածողության։
Գործընթացը թե Հայաստանում, թե Ադրբեջանում արագ չի լինելու, քանի որ հասարակություններում դեռ պահպանվում են երկար տարիների հակամարտությամբ ձեւավորված խոսույթներ։ Օրինակ՝ ադրբեջանական վառելիքի ներմուծման շուրջ երկու կողմում էլ հնչում են փոխադարձ մեղադրանքներ։
Պետք է տրամադրվենք ավելի գործնական մոտեցման, կենտրոնանանք աշխատանքի վրա, քանի որ խաղաղության գործնական օգուտները կարող են շատ ավելի արդյունավետ լինել, քան տարբեր թեզերի, կասկածների կամ մարտահրավերների շուրջ անվերջ բանավեճերը։
Երկաթուղու վերականգնման մասին
Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանի գործընկերները որոշում կկայացնեն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի երկաթուղային կապի որոշ հատվածների վերականգնման մասով:
Այդ հարցը քննարկվել է, Ռուսաստանի նախագահի առիթ եմ ունեցել խոսել:
Հայաստանի փոխվարչապետը եւս խոսել է Ռուսաստանի փոխվարչապետի հետ, սպասում ենք ՌԴ մեր գործընկերների արձագանքին: Հայկական կողմի ցանկությունն այն է, որ դա հիմա արվի։ Ռուսաստանի մեր գործընկերներին խնդրում ենք, որ այս հարցով որոշում կայացնեն։














Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: