Խաղաղությունը «շահույթի հետ կապող» TRIPP-ը՝ «նվաճում» եւ «հակակշիռ» - Mediamax.am

Հունվար 15, 2026
171 դիտում

Խաղաղությունը «շահույթի հետ կապող» TRIPP-ը՝ «նվաճում» եւ «հակակշիռ»


Մարկո Ռուբիոն եւ Արարատ Միրզոյանը
Մարկո Ռուբիոն եւ Արարատ Միրզոյանը

Լուսանկարը` Հայաստանի ԱԳՆ

Մարկո Ռուբիոն եւ Արարատ Միրզոյանը
Մարկո Ռուբիոն եւ Արարատ Միրզոյանը

Լուսանկարը` Հայաստանի ԱԳՆ


Ներկայացնում ենք Kyiv Post պարբերականի ամերիկյան թղթակից Ալեքս Ռաուֆօղլուի Connecting Azerbaijan, Protecting Armenia: Trump’s Quiet Caucasus Power Play Sidelines Russia հոդվածի հայերեն թարգմանությունը:

 

Ալեքս Ռաուֆօղլու

 

Սպիտակ տունը, հնարավոր է, 2025 թվականի ամռանը բեմականացված ձեռքսեղմումներ էր կազմակերպել, սակայն ժպիտների հետեւում Վաշինգտոնը Հարավային Կովկասի համար լուռ մի ծրագիր էր մշակում, որը դիվանագիտությունը վերածում է ենթակառուցվածքների, տրանսպորտային ուղիների եւ ազդեցության իրական լծակների՝ տարածաշրջանը վերափոխելու ճանապարհային քարտեզի։

 

Այս շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հրապարակեցին «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։

 

Հրապարակվել է TRIPP նախագծի իրականացման շրջանակը

Այս ընդարձակ, բայց կարեւոր փաստաթուղթը 2025 թվականի օգոստոսին Սպիտակ տանը ձեռք բերված հանձնառությունները վերածում է շատ ավելի շոշափելի մի բանի՝ երկաթուղի, ճանապարհներ, եկամտի հոսքեր, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով անցնող եւ ԱՄՆ-ի կողմից աջակցվող տարանցիկ միջանցք։

 

Հռչակագրից մինչեւ գործնական աշխատանք

 

Շրջանակը գործնականում կյանքի է կոչում 2025 թվականի օգոստոսի 8-ի Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ համատեղ հռչակագիրը՝ ուրվագծելով, թե ինչպես անխոչընդոտ, մուլտիմոդալ տարանցիկ փոխկապակցվածությունը կարող է Ադրբեջանի հիմնական մասը կապել իր էքսքլավ Նախիջեւանի հետ՝ պահպանելով Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը, իրավասությունն ու սահմանային վերահսկողությունը։

 

Գործնականում, TRIPP-ը Հայաստանը կընդգրկի Կենտրոնական Ասիան եւ Կասպից ծովը Եվրոպային կապող Անդրկասպյան «Միջին միջանցքում»։ Նախագիծը կիրականացվի ամերիկյան ներդրումներով, վերահսկողությամբ եւ ֆինանսական մասնակցությամբ։

 

Նախագիծը հիմնված է երեք հիմնական տարրերի վրա՝ ԱՄՆ-ի կողմից վերահսկվող զարգացման ընկերություն, Հայաստանյան կարգավորիչ մարմին եւ տարածքային ամբողջականության վերաբերյալ հստակ երաշխիքներ։ Այս կառուցվածքը չափազանց կարեւոր է։ TRIPP-ը Վաշինգտոնի համար ընդլայնում է առեւտրային ուղիները եւ մատակարարման շղթաները։ Երեւանի համար այն բացում է ներդրումների, աշխատատեղերի եւ ազդեցության լծակների ստեղծման հնարավորություններ։

 

Իսկ տարածաշրջանի համար այն վերաիմաստավորում է փոխկապակցվածությունը որպես խաղաղության մեխանիզմ, այլ ոչ թե մի կողմին առավելություն տալիս մյուսի հաշվին։

 

«Լուռ առաջընթաց» եւ ի՞նչն է պակաս

 

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչի կարծիքով՝ շրջանակը «լավ լուր է այն բոլոր նրանց համար, ովքեր իսկապես մտածում են Հարավային Կովկասում խաղաղության» մասին, հենց այն պատճառով, որ այն ձգտումից անցնում է դեպի գործնական իրականացում։

 

Հունվարի 13-ին Kyiv Post-ին տված հարցազրույցում Կոզլարիչը նշել է, որ չնայած համաձայնագիրը պաշտոնապես երկկողմանի է՝ Վաշինգտոնի եւ Երեւանի միջեւ, այն անշուշտ տրանսպորտային օղակ է ստեղծում Նախիջեւանի եւ Ադրբեջանի մնացած մասի միջեւ, ինչը ենթադրում է կուլիսային համագործակցություն Բաքվի հետ։

 

Կոզլարիչը նշում է, որ ապշեցուցիչ է այն փաստը, ոչ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը չեն հիշատակվում փաստաթղթում, ինչը աչք ծակող բացթողում է՝ հաշվի առնելով Թեհրանում տիրող անկայունությունը եւ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ լարվածության աճը։ 

 

Կոզլարիչի կարծիքով՝ TRIPP-ը ազդարարում է տարածաշրջանում ԱՄՆ-ի երկարաժամկետ դերակատարությունը, բարելավում է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հեռանկարները եւ լուռ փոխում է տարածաշրջանային հավասարակշռությունը։ Այն նաեւ վերակենդանացնում է վաշինգտոնյան հին բանավեճը։ Կոզլարիչը պնդում է, որ ԱՄՆ վարչակազմը այժմ պետք է համագործակցի Կոնգրեսի հետ եւ կասեցնի «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բանաձեւը, որը սահմանափակում է ԱՄՆ-ի օգնությունը Ադրբեջանին։ Այս քայլով ԱՄՆ օրենսդրությունը ավելի լավ կհամապատասխանեցվի տարածաշրջանային փոխկապակցվածության նոր իրականությանը։

 

Պահի կարեւորությունը

 

Ատլանտյան խորհրդի Եվրասիական կենտրոնի աշխատակից Էնդրյու Դ’Անիերին կարծում է, որ դժվար է գերագնահատել «Թրամփի ուղի» նախագծի նշանակությունը, հատկապես հիմա։

 

Kiev Post-ին տված հարցազրույցում նա TRIPP-ը անվանել է «հավանաբար Թրամփի երկրորդ վարչակազմի արտաքին քաղաքականության ամենաանվիճելի դրական նվաճումը», քանի որ նախագիծը հավասարակշռում է մի քանի հակասական նպատակներ. կապում է Ադրբեջանը Նախիջեւանի հետ՝ միաժամանակ հստակ պաշտպանելով Հայաստանի ինքնիշխանությունը, ամրապնդելով Միջին միջանցքը եւ ամերիկյան ընկերություններին ու ԱՄՆ կառավարությանը ֆինանսական շահագրգռվածություն ապահովելով նախագծի հաջողության մեջ:

 

Ինչպես պնդում է Դ’Անիերին, նույնքան կարեւոր է այն, թե ինչ ազդեցություն ունի TRIPP-ը աշխարհաքաղաքական առումով։ Ընդլայնելով ենթակառուցվածքները եւ տնտեսական հնարավորությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար՝ այն նվազեցնում է երկու երկրների խոցելիությունը Ռուսաստանի եւ Իրանի ճնշման նկատմամբ։ Սրանք լծակներ են, որոնք Մոսկվան եւ Թեհրանը երկար ժամանակ օգտագործում էին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու եւ երկու երկրներին կախվածության մեջ պահելու համար։

 

Ընտրություններ, անվտանգություն եւ Ռուսաստանի միջամտությունը

 

Այս փոփոխությունները տեղի են ունենում Հայաստանի համար զգայուն պահին։ Մոտենում են խորհրդարանական ընտրությունները, եւ Ռուսաստանը չի վարանի՝ օգտագործելու քաղաքական միջամտությունը հետխորհրդային տարածքում իր ազդեցությունը պաշտպանելու համար։

Մարկո Ռուբիոն եւ Արարատ Միրզոյանը Մարկո Ռուբիոն եւ Արարատ Միրզոյանը

Լուսանկարը` Հայաստանի ԱԳՆ

Դ’Անիերիի կանխատեսմամբ՝ Մոսկվան կփորձի թուլացնել TRIPP-ը, հնարավոր է՝ ազդելով հայաստանյան ընտրությունների վրա։ Սակայն նա նաեւ համաձայնագիրը տեսնում է որպես հակակշիռ. ԱՄՆ-ի ավելի խորը ներգրավվածությունը, իրական տնտեսական աճը եւ փոխկապակցվածության տեսանելի առավելությունները կարող են ամրապնդել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքերը ընտրությունների ժամանակ։

 

Չափազանց կարեւոր են լինելու հաջորդ քայլերը։ Այստեղ Դ’Անիերին մատնանշում է Վաշինգտոնի հետ համակարգված կերպով Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի արագացումը՝ որպես TRIPP-ի առեւտրային ողջ ներուժը բացահայտելու եւ, հավանաբար, դեռեւս անավարտ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրին թափ հաղորդելու ամենաարագ ճանապարհ։

 

Ավելին, քան պարզապես ճանապարհ

 

TRIPP-ը համաձայնագիր չէ եւ որեւէ պարտադիր իրավական պարտավորություն չի սահմանում: Բայց այն մի երեւույթ է, որն շատ հազվադեպ է հանդիպում Հարավային Կովկասում։ TRIPP-ը մանրամասն, ֆինանսավորված, ինքնիշխանության գիտակցումով ծրագիր է, որը խաղաղությունը կապում է շահույթի հետ եւ ԱՄՆ-ին ուղղակիորեն ներգրավում տարածաշրջանի տնտեսական ապագայի մեջ:

 

Աշխարհի այն մասում, որտեղ ազդեցությունը սովորաբար իրականացվում է զորքերի, խողովակաշարերի կամ վերջնագրերի միջոցով, Թրամփի վարչակազմը խաղադրույք է կատարում բոլորովին այլ բանի վրա՝ պողպատե ռելսերի, մաքսային ծրագրային ապահովման եւ առեւտրային ուղու, որը աննկատ վերաձեւավորում է քարտեզը:

 

Թե արդյոք այն երկարատեւ կլինի, կարող է ավելի շատ կախված լինել քաղաքականությունից, քան պողպատից եւ ծրագրային ապահովումից՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Հայաստանում շուտով անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, իսկ Մոսկվան դժվար թե անտեսի Վաշինգտոնի ազդեցության լուռ ընդլայնումը Հարավային Կովկասում։

 

Թարգմանությունը՝ Լիլիթ Խաչատրյանը

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին