ՄԱԿ-ի խումբը պետք է անվավեր ճանաչի Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ իր կարծիքը - Mediamax.am

Նոյեմբեր 01, 2025
1199 դիտում

ՄԱԿ-ի խումբը պետք է անվավեր ճանաչի Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ իր կարծիքը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն փորձագիտական կարծիք է հրապարակել ՄԱԿ-ի Անձանց կամայական կալանավորման հարցերով աշխատանքային խմբի (UN WGAD)՝ 2025 թ. փետրվարի 17-ի թիվ 46/2024 եզրակացության վերաբերյալ՝  բացահայտելով շահերի բախման այն իրական պատկերը, որը լուրջ կասկածի է ենթարկում խմբի եզրակացության անաչառությունը: 

 

Խումբը եզրակացրել էր, որ Ռուբեն Վարդանյանի կալանավորումն Ադրբեջանի կողմից կամայական չէր։ Օկամպոն  իր փորձագիտական կարծիքում փաստարկված հիմնավորում է շահերի բախման առկայությունը՝ ընդգծելով, որ WGAD-ի ներկայիս նախագահող Գաննա Յուդկիվսկան Equity Law Firm-ի գործընկեր է, որն Ուկրաինայում ներկայացնում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը։

 

Լուիս Մորենո Օկամպոն իրականացրել է բաց աղբյուրների վրա հիմնված հետաքննություն՝ WGAD-ի ներկայիս նախագահ-զեկուցող, ուկրաինացի իրավաբան  տիկին Գաննա Յուդկիվսկայի անաչառության վերաբերյալ։

 

«Գաննա Յուդկիվսկան պետք է ձեռնպահ մնար Աշխատանքային խմբին ներկայացված Ադրբեջանի դեմ բոլոր գործերից։ Նա ունի շահերի բախում, որը բխում է նրա մասնագիտական աշխատանքից որպես Equity Law Firm-ի ակտիվ գործընկեր: Վերջինս տարիներ շարունակ իրավաբանական ծառայություններ  է տրամադրել Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությանը (SOCAR)։ Սա հաստատում է ուղիղ ֆինանսական կապը նրա և Ադրբեջանի կառավարության միջև, որն էլ  տվյալ վարույթում  հանդես է գալիս որպես կողմ»,-  փորձագիտական կարծիքում նշում է Օկամպոն։

 

Նա հիմնավորում է, որ այդ իրավիճակը հակասում է Վարքագծի կանոնագրքին և ՄԱԿ-ի  մյուս  կանոնակարգին, որոնք պահանջում են ինքնաբացարկ, երբ ֆինանսական շահերը համընկնում են ՄԱԿ-ի գործառույթների հետ.  «Յուդկիվսկայի անկարողությունը՝ բացահայտելու այս դերը կամ ձեռնպահ մնալու կապված վարույթներից , հանդիսանում է WGAD-ի աշխատանքային մեթոդների 5-րդ կետի խախտում, որը նախատեսում է ինքնաբացարկ շահերի բախման դեպքերում»։

 

Օկամպոն նաև նշել է Գաննա Յուդկիվսկայի ամուսնու՝ կոռուպցիայի մեջ մեղադրվող ուկրաինացի քաղաքական գործչի՝ Ադրբեջանի հետ ունեցած սերտ անձնական և քաղաքական կապերի մասին:

 

«Այս հանգամանքների լույսի ներքո, հնարավոր համարժեք միջոցը կլինի, որ WGAD-ն անվավեր ճանաչի Կարծիք № 46/2024-ը և խնդրի սկզբնական դիմողին ներկայացնել նոր միջնորդություն, որը WGAD-ի կողմից կմշակվի նորից՝ de novo հիմունքներով»,-եզրակացությունում նշում է Օկամպոն:

 

Ըստ նրա՝ թափանցիկության և հաշվետվողականության համար, և նկատի ունենալով, որ վտանգի տակ է Աշխատանքային խմբի հեղինակությունը, խումբը  կարող է հրապարակավ պատասխանել այս մեղադրանքներին: «Առանց լրացուցիչ խնդրանքի՝ WGAD-ը կարող է տրամադրել լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես է կառավարվել այս գործը, ով է ծառայել որպես գործի զեկուցող և ինչպես են նրանք ընտրվել, արդյոք դոկտոր Յուդկիվսկան երբևէ բացահայտել է Աշխատանքային խմբի անդամներին և OHCHR անձնակազմին, որ իր իրավաբանական ընկերությունը ներկայացնում է Ադրբեջանի կառավարության շահերը, և, եթե այդպիսի բացահայտում կատարվել է, արդյոք Աշխատանքային խումբն  անտեսել է այս շահերի բախումը՝ նրան հնարավորություն տալով մասնակցել Ադրբեջանին վերաբերող գործերին»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին