Փաշինյանը մեկնաբանել է Արարատի պատկերի հեռացումը սահմանահատման կնիքից - Mediamax.am

Սեպտեմբեր 18, 2025
161 դիտում

Փաշինյանը մեկնաբանել է Արարատի պատկերի հեռացումը սահմանահատման կնիքից


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Արարատ լեռան պատկերը սահմանահատման կնիքի վրայից հանելու հարցը «Հայաստան-Թուրքիա որեւէ բանակցության մեջ չի քննարկվել ու չի կարող քննարկվել»:

«Դրոշմի հետ կապված խնդիրը շրջանառության մեջ է դրվել ամիսներ առաջ, երբ դեռ հորիզոնում տեսական հնարավորություն կամ պայմանավորվածություն չկար Թուրքիայի հատուկ ներկայացուցչի այցի մասին։

 

Մեր անվտանգության ռազմավարության մեջ առանցքային է լեգիտիմության գործոնը. որ մենք ինքներս պետք է ճանաչենք ու ճանաչում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքով եւ սահմաններով։ 

 

Սա անում ենք, որովհետեւ ունենք ռազմավարություն՝ մեր պետության հարատեւությունն ապահովելու համար»,- ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

Նրա խոսքով՝ կառավարությունը Հայաստանն առաջնորդում է միջազգային պատասխանատու գործընկեր դարձնելու տրամաբանությամբ եւ լեգիտիմության ռազմավարությամբ:  

 

«Եթե մինչեւ 2004-ը այդ դրոշմը չի եղել, ի՞նչ է նշանակել այդ դրոշմի բացակայությունը, եթե հայտնվել է, ի՞նչ է նշանակել։ Ո՞րն է նախկինում դրոշմի վրա նկարի բացակայության քաղաքական նշանակությունը եւ ենթատեքստը, ո՞րն է այդպիսի դրոշմի հայտնվելու քաղաքական նշանակությունը եւ ենթատեքստը։ Գուցե լեգիտիմության խնդիր էին լուծում, այդ թվում՝ ներքաղաքական։ Եթե ընտրված չես, քեզ պետք են լեգիտիմության նոր աղբյուրներ՝ մի տեղ սարի նկար կպցնել, մի տեղ ուրիշ նկար, մի տեղ ընկալումներն ու պատասխանատվությունը տարածել ՀՀ-ից դուրս, որպեսզի փաստը, որ ՀՀ-ում լեգիտիմ իշխանություն չկա, լղոզվի»,- ասել է նա:

 

2025-ի նոյեմբերի 1-ից Արարատ լեռան պատկերն այլեւս չի լինի ՀՀ պետական սահմանահատման կնիքներում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին