Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը եւ Սերդար Քըլըչը Երեւանում վերահաստատել են նախորդ հանդիպումների ժամանակ մշակված եւ համաձայնեցված հարցերը՝ «Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների լիարժեք կարգավորման գործընթացի առաջմղման նպատակով»:
Հայաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ նրանք մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ։ Հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը:
Ռուբեն Ռուբինյանը եւ Սերդար Քըլըչը նաեւ պայմանավորվել են, որ երկու երկրների համապատասխան մարմինները կկատարեն անհրաժեշտ տեխնիկական ուսումնասիրությունները՝ Գյումրի–Կարս երկաթուղու եւ էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու գործարկման համար։
«Նրանք նաեւ պայմանավորվել են, որ ջանքեր կգործադրվեն մշակույթի եւ ակադեմիական ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ, մասնավորապես, բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողների համար կրթաթոշակների հնարավորություններ ստեղծելու եւ պատմական Անիի/Մետաքսի ճանապարհի կամրջի համատեղ վերականգնման միջոցով:
Հատուկ ներկայացուցիչները նաեւ համաձայնել են իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ միտված այլ հետաքրքրված ընկերությունների կողմից 2026 թվականի ամռանից տարբեր ուղղություններով թռիչքներ իրականացնելուն, ինչը կավելացնի օդային երթուղիների եւ թռիչքների թիվը երկու երկրների միջեւ:
Նրանք վերահաստատել են հանձնառությունը շարունակել այս գործընթացն՝ առանց որեւէ նախապայմանի»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: