ՀԲԸՄ նախագահը մեկնաբանել է լարվածությունը պետության եւ եկեղեցու միջեւ - Mediamax.am

1838 դիտում

ՀԲԸՄ նախագահը մեկնաբանել է լարվածությունը պետության եւ եկեղեցու միջեւ


Լուսանկարը` AGBU


Երեւան: Մեդիամաքս: ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն իր մտահոգությունն է հայտնել Հայաստանում լարվածության աճի վերաբերյալ:

ՀԲԸՄ նախագահի հայտարարության մեջ ասված է.

 

«Հայաստանում ներքին եւ արտաքին գործոններով պայմանավորված լարվածությունն ավելի ու ավելի է աճում, մտահոգություն առաջացնելով, որ հայ հասարակության միասնականությունը վտանգվում է աճող լարվածության եւ պառակտումների ծանրության տակ։

 

Շատերը խորապես վրդովվեցին ինստիտուցիոնալ նորմերի եւ երկարամյա արժեքների ոտնահարման նմանօրինակ դեպքից, երբ Հայաստանի ոստիկանությունը թույլ չտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ նրա պատվիրակությանը ամենամյա այց կատարել Սարդարապատի հուշահամալիր: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն ներկա էր ոգեկոչելու Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման հաղթական գոյամարտում իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակը։ Սակայն պատվիրակության մուտքը դեպի հուշակոթող անարգել ապահովելու  փոխարեն՝ ոստիկանները առանց առերեւույթ կամ հիմնավոր պատճառի խոչընդոտեցին այն։

 

Թեեւ Նորին Սրբությանը եւ նրա պատվիրակությանը որոշ ժամանակ անց թույլ տվեցին մուտք գործել տարածք՝ ոստիկանության կողմից ագրեսիայի կիրառման անհիմն դրսեւորումը, ցավոք, տարածվեց ամբողջ աշխարհով եւ քննարկման առարկա դարձավ: Երբ պետության ներկայացուցիչները դադարում են հարգել իրենց ազգային եկեղեցու բարձրագույն ներկայացուցչին, դա դառնում է անհանգստության պատճառ եւ վիրավորանք հասցնում բազմաթիվ հայերի: Սա նաեւ հուշում է, որ մեզ անհրաժեշտ է վերաարժեւորված եւ միասնական հավատարմություն մեր ժողովրդավարական սկզբունքներին եւ մեր ազգային եկեղեցու ավանդույթներին, որը հազարամյակներ շարունակ աշխարհասփյուռ հայերի համար ծառայել է որպես ինքնությունը պահպանող հենասյուն»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին