ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը կանգուն մնաց մտածողության նոր ձեւերի ուրվագծման շնորհիվ, որոնք մեզ հնարավորություն տվեցին նորովի ընկալել իրականությունը եւ իրականության վրա ազդելու մեր հնարավորությունները»:
Հանրապետության տոնի առիթով շնորհավորական ուղերձում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «մտածողության այդ նոր ձեւերն ու դիտանկյուններն ակնհայտ են դարձնում, որ անընդհատ փոփոխվող աշխարհում անընդհատ փոփոխվելու ու զարգանալու, մարտահրավերներին եւ նպատակներին հարմարեցված որոշումներ կայացնելու կարողությունն է պետության հարատեւության ապահովման բանաձեւը, կենսունակ լինելու գրավականը»:
«Մեր կառավարությունը հենց այս մեթոդով է առաջնորդում Հայաստանի Հանրապետությունը, այն ըմբռնմամբ, որ կենսունակ լինել նշանակում է ի վիճակի լինել պահպանել եւ զարգացնել պետականությունը, ինքնությունը, արժեքները, ի վիճակի լինել կառուցել ազատություն, անվտանգություն, բարեկեցություն:
Իրական Հայաստանի ռազմավարությունը հենց սրա մասին է: Բայց նաեւ նրա մասին է, որ ազատությունը բավարար չէ՝ հարկավոր է արդարություն, անվտանգությունը բավարար չէ՝ հարկավոր է խաղաղություն, բարեկեցությունը բավարար չէ՝ հարկավոր է երջանկություն, կենսունակությունը բավարար չէ՝ հարկավոր է կենսախնդություն:
Զգուշավոր, դժվար, բայց ընթանում ենք հենց ա՛յս ճանապարհով: Շատերի կարծիքով դանդաղ ենք ընթանում: Իրականում եւ ողջամտորեն արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների: Մենք ընթանում ենք առանց ընդհատումների եւ հորիզոնում տեսնում ենք բաղձալի նպատակը», - ասված է ուղերձում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: