Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ «եթե Հայաստանը փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ եւ այլ նորմատիվ իրավական փաստաթղթերում, ապա հնարավոր կլինի խաղաղության հասնել»։
«Միջազգային դատարաններում Հայաստանի հայցերն ընդդեմ Ադրբեջանի հիմնված են այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են՝ Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չճանաչելը, Ղարաբաղի անջատումը Ադրբեջանից։ Եթե Հայաստանը վերջ դնի Ադրբեջանի նկատմամբ իր տարածքային հավակնություններին, փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ եւ այլ նորմատիվ իրավական փաստաթղթերում, ապա հնարավոր է հասնել խաղաղության»,- ասել է Ալիեւը՝ Բաքվում ընդունելով Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին։
Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ արդեն դե ֆակտո խաղաղություն է, երկու երկրների սահմանին արդեն մի քանի ամիս է, ինչ խաղաղ իրավիճակ է տիրում։
«Սակայն այս գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է ստորագրել խաղաղության պայմանագիր եւ վերջ դնել Հայաստանի տարածքային պահանջներին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Ալիեւն ասել է, որ Հայաստանի անկախության հռչակագիրը «ուղղակի կոչեր է պարունակում Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը Հայաստանի հետ միավորելու եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման վերաբերյալ, եւ հղումներն այդ փաստաթղթին արտացոլված են նաեւ Հայաստանի Սահմանադրության մեջ»:
«Բացի այդ, Հայաստանի այլ նորմատիվ իրավական փաստաթղթերում եւս կան տարածքային պահանջներ Ադրբեջանի դեմ, բազմաթիվ կոնվենցիաներում, որոնց միացել է Հայաստանը, եւ այլ փաստաթղթերում կան բազմաթիվ վերապահումներ, որոնք չեն ճանաչում Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ»,- ասել է Ալիեւը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: