Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Ղուլարյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից:
Մեկ այլ որոշմամբ էլ Լոռու մարզպետի պաշտոնից հեռացվել է Արամ Խաչատրյանը:
Հունվարի 3-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզ՝ կառավարության ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով:
Վարչապետը դժգոհ էր մնացել Վարդաբլուրի միջնակարգ դպրոցում, Ստեփանավանի N1 վարժարանի նոր մարզադահլիճում, Մեդովկա բնակավայրում նոր կառուցված մոդուլային հիմնական դպրոցում իրականացված շինարարական աշխատանքների որակից:
Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել էր.
«Այստեղ ես խնդիր եմ տեսնում, պարոն Ղուլարյան, մեր ծրագրերի կառավարման հետ կապված: Որ կողմ նայում եմ՝ պրոբլեմ կա: Մենք չենք կարող երեխաների առաջ կանգնել, երեխաների աչքերի մեջ նայել, ասել՝ դպրոցը կառուցել ենք, շնորհավոր, գնացինք: Դպրոցը չենք կառուցել: Սա, կներեք արտահայտությանս, կիսատ աշխատանք է: Եվ ես այս պահին այլ բան ասելու առիթ չեմ տեսնում: Պետք է որակի հետ կապված խնդիրը լուծվի:
Կառավարությունից մարդ չի՞ գալիս, մարզպետարանից մարդ չի՞ գալիս, Քաղաքաշինության կոմիտեից մարդ չի՞ գալիս, այստեղ հսկող չկա՞: Ենթադրենք, մենք չէինք գալիս, հետևողական չէինք լինում, ի՞նչ վիճակում էր այս դպրոցը երեխաներին հանձնվելու: Որտեղ նայում եմ, կարծես շինարարն ամեն տեղից ցանկացել է 1000 դրամ տանել: Չի կարելի այդպես աշխատել: Սա վերաբերմունք չէ»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: