Փաշինյանը հանդես է եկել Ռուսաստանի եւ ՀԱՊԿ քննադատությամբ - Mediamax.am

1656 դիտում

Փաշինյանը հանդես է եկել Ռուսաստանի եւ ՀԱՊԿ քննադատությամբ


Լուսանկարը`


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «անկախ, ինքնիշխան, ազատ և ժողովրդավարական պետություն ունենալու մեր կամքին ականջալուր լինելու փոխարեն մեր որոշ գործընկերներ անվտանգության ոլորտում մեր խոցելիություններն ի ցույց դնելու գործում ավելի ու ավելի մեծ ջանքեր են գործադրում»։

Իր այսօրվա ուղերձում Փաշինյանն ասել է, որ «նրանք արդեն հարվածի տակ են դնում ոչ միայն մեր արտաքին, այլև ներքին անվտանգությունն ու կայունությունն՝ այս ընթացքում խախտելով դիվանագիտական, միջպետական հարաբերությունների էթիկային, կոռեկտության բոլոր նորմերը՝ ընդհուպ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները»:

 

«Հայաստանի Հանրապետությունն իր դաշնակցային պարտավորություններից երբեք չի հրաժարվել և իր դաշնակիցներին երբեք չի դավաճանել: Բայց իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ անվտանգության այն համակարգերը և այն դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ մենք հույս ենք դրել՝ մեր խոցելիություններն ի ցույց դնելու և հայ ժողովրդի անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել: Ընդ որում, նման քաղաքականությունն ամենևին էլ կապ չունի 2018թ. Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ հաստատված Կառավարության հետ, և այդ քաղաքականության դրսևորումները մենք պարբերաբար տեսել ենք վերջին տասնամյակներում: Այդ քաղաքականության արտահայտություն էր նաև 2016թ. չորսօրյա պատերազմը, 2014-2015թթ. տեղի ունեցած սահմանային լարումները և այլն», - նշել է Նիկոլ Փաշինյանը։

 

Հայաստանի վարչապետն ասել է, որ «2020թ. դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղի Խծաբերդի և Հին Թաղերի գրավումն ու 60-ից ավելի հայ զինծառայողների գերեվարումը, Փառուխի դեպքերը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ահաբեկման բազմաթիվ արտահայտությունները, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա՝ լրջագույն հարցեր են բարձրացնում նաև Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործունեության նպատակների և մոտիվների մասին»:

 

«Ի հեճուկս 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղի հայությունն այսօր էլ էթնիկ զտումների վտանգի առաջ է: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռների մուտք է տեղի ունեցել, բայց դա իրադրությունը չի փոխում: Եվ եթե Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տներում ապրելու իրական պայմաններ և էթնիկ զտումներից պաշտպանության գործուն մեխանիզմներ չստեղծվեն, հավանականությունը, որ Լեռնային Ղարաբաղի հայերն իրենց կյանքն ու ինքնությունը փրկելու միակ միջոց կտեսնեն հեռացումն իրենց հայրենիքից, չափազանց մեծանում է: Իրադարձությունների նման զարգացման պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի էթնիկ զտումների քաղաքականությունը որդեգրած Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վրա: Իհարկե, Հայաստանի կառավարությունը միջազգային գործընկերների հետ աշխատում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների ձևավորման վրա: Բայց եթե այդ ջանքերը կոնկրետ արդյունքներ չտան, Կառավարությունը Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին և եղբայրներին ամենայն հոգատարությամբ կընդունի Հայաստանի Հանրապետությունում», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին