Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կենսագործունեության ապահովման, անվտանգության եւ իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ»։
Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես է եկել շնորհավորական ուղերձով «Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով»:
Մեդիամաքսը նշում է, որ 2022թ. սեպտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը վերնագրված էր «Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առիթով»:
Դրանում, մասնավորապես, ասված է.
«32 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի եւ Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանը հղում կատարելով ինքնորոշման իրավունքին՝ որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման մասին:
Լեռնային Ղարաբաղի հայությունն այդ ժամանակահատվածում ականատեսն էր Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերի, եւ անկախության հռչակագրի ընդունումը պայմանավորված էր նաեւ գոյաբանական սպառնալիքով:
44-օրյա պատերազմի հետեւանքով այսօր էլ իրենց հայրենի բնօրրանում՝ Լեռնային Ղարաբաղում բնակվող մեր հայրենակիցներն Ադրբեջանի քաղաքականության հետեւանքով կանգնած են էթնիկ զտման ենթարկվելու սպառնալիքի առաջ՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, առաջին անհրաժեշտության սննդամթերքի, գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումների դադարեցման պատճառով:
Տեղի ունեցող գործընթացների ականատեսն է նաեւ միջազգային հանրությունը, եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղի թեմայով կայացած քննարկումներում եւս արձանագրվեց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առկայությունը եւ այն, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության կյանքն ու անվտանգությունը դրված են կասկածի տակ։ Միաժամանակ, ընդգծվեց, որ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի եւ հուլիսի 6-ի որոշումները՝ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժն ապահովելու վերաբերյալ, Ադրբեջանի կողմից չի կատարվել:
Մեր ակնկալիքն է, որպեսզի միջազգային հանրությունը ջանքեր գործադրի՝ թույլ չտալու Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականության իրականացումը։
Ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել՝ հիմնազուրկ են Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները, քանի դեռ անբեկանելիորեն հասցեագրված չեն ԼՂ հայության անվտանգության եւ իրավունքների պաշտպանության խնդիրները:
Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը եւ միջազգային հանրությունը հստակ արձանագրում են. հակամարտության համապարփակ ու երկարատեւ կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես խաղաղ գործընթացի, այդ թվում՝ միջազգային մեխանիզմի ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: