Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը հայտարարել է, որ «դատարանը միտումնավոր է հետաձգում Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ միջնորդության քննարկումը»:
Փաստաբանների հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Ակնհայտ ապօրինություններով եւ պաշտպանական ոլորտի վերաբերյալ ոչ կոմպետենտ մեղադրանքներով զուգորդվող քրեական վարույթը նպատակ է հետապնդում Դավիթ Տոնոյանին հնարավորինս երկար ժամանակ հասարակությունից մեկուսացված պահել:
Դավիթ Տոնոյանի նկատմամբ իրականացվող քրեական վարույթի շրջանակում դատարանի կողմից արդեն հարցաքննվել են բոլոր վկաները եւ երկու ամբաստանյալ։ Որեւէ վկայի կողմից Դավիթ Տոնոյանի եւ մյուսների նկատմամբ առաջադրված մեղադրանքը հիմնավորող որեւէ ցուցմունք չի տրվել։ Ի սկզբանե Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու հիմքում դատարանը դրել էր հենց վկաների նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու կասկածը։ Ակնհայտ էր, որ Դավիթ Տոնոյանին շարունակական կալանքի տակ պահելու համար անհրաժեշտ էր մոգոնել նոր հիմք, քանի որ դատակոչված վկաներին հարցաքննելուց հետո Դավիթ Տոնոյանին անազատության մեջ պահելու հիմքերը սպառվում էին, եւ դատարանը ստիպված էր լինելու ազատել նրան կալանքից։ Ըստ այդմ՝ առանցքային վկաներին հարցաքննելուց հետո ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի կողմից Դավիթ Տոնոյանի կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելու միջնորդության քննության արդյունքում կայացվեց դատական ակտ, որով Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու հիմքերին ավելացվեց նաեւ ամբաստանյալների նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու կասկածը, որը զուրկ էր որեւէ հիմնավորումից։
Ասվածը հաստատվել ՀՀ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 27.07.2023 թվականի որոշմամբ, որով դատարանի կողմից մասնակի բավարարվեց Դավիթ Տոնոյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի վերոնշյալ որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը այն հիմնավորմամբ, որ Հակակոռուպցիոն դատարանն առանց որեւէ հիմնավորման բողոքարկվող որոշման մեջ նշել է Դավիթ Տոնոյանին անազատության մեջ պահելու նոր հիմք (ամբաստանյալների նկատմամբ ապօրինի ազդեցություն գործելու կասկածը):
Վերաքննիչ դատարանի վերոնշյալ դատական ակտը 08.08.2023 թվականից փոխանցվել է ՀՀ Հակակոռուպցիոն դատարան` նոր քննության։ Հակակոռուպցիոն դատարանը, նախագահությամբ դատավոր Դոլմազյանի, պարտավոր էր ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն ապահովվել այդ միջնորդության անհապաղ քննությունը: Այլ կերպ, դատարանը պարտավոր էր Վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո անմիջապես՝ սեղմ ժամկետում ձեռնամուխ լինել Վերաքննիչ դատարանի որոշման պահանջների կատարմանը, այն է` Դավիթ Տոնոյանի կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունը քննարկելուն:
Մինչդեռ, դատավոր Դոլմազյանի կողմից Վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո արդեն տեղի է ունեցել երեք դատական նիստ, սակայն դատարանը դեռեւս չի քննարկել միջնորդությունը` այլ դատական նիստերով ծանրաբեռնված լինելու պատճառաբանություններով չավարտելով հարցաքննվող ամբաստանյալի հարցաքննությունը եւ դրանով փաստացի հետաձգելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջի կատարումը։
Վերոգրյալով պայմանավորված՝ առկա են հիմնավոր կասկածներ առ այն, որ դատարանը միտումնավոր է հետաձգում Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ միջնորդության քննարկումը՝ մինչեւ դատախազության կողմից ՀՀ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելն ու վճռաբեկ դատարանում Դավիթ Տոնոյանի համար նշված հարցի կանխատեսելի անբարենպաստ լուծումը։
Չնայած՝ նշված քրեական գործի գրեթե բոլոր հանգամանքները հանրությանը արդեն հայտնի են, Հակակոռուպցիոն դատարանը շարունակում է քրեական գործի վարույթը «քողարկել» պետական գաղտնիքի շղարշի տակ՝ մերժելով Դավիթ Տոնոյանի միջնորդությունները դատական նիստը դռնբաց ռեժիմով անցկացնելու եւ լրագրողների հետ վերջինիս հաղորդակցվելու արգելքը վերացնելու վերաբերյալ։ Մինչդեռ, համոզված ենք, որ առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները դատական քննությունը մասամբ կամ առնվազն նիստերի մի մասը նախկին ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով դռնբաց անցկացնելու համար:
Միաժամանակ, Դավիթ Տոնոյանը պատրաստվում է հերթական դատական նիստում Վերաքննիչ դատարանի որոշման կատարման արդյունքում խափանման միջոցի փոփոխության միջնորդության քննությունից առաջ միջնորդելու դատարանին` նախկին ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով միջնորդության քննությունն իրականացնել դռնբաց ռեժիմով»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: