Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրումը ծայրահեղ սրել է հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»:
«Անգամ առաջին անհրաժեշտության սննդամթերքի մատակարարումն է դադարեցվել ԼՂ-ին: Լեռնային Ղարաբաղ արտաքին աշխարհից սնունդ չի մտնում, թույլ չի տրվում անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիների անցումը Լաչինի միջանցքով: Այս գործողությունները եւս մեկ անգամ հիմնավորում են այն մտավախությունը, թե Ադրբեջանը ԼՂ-ում էթնիկ զտման քաղաքականություն է վարում՝ չնայած տվյալ դեպքում խոսքը ոչ թե մտավախության, այլեւ՝ գործողությունների մեկնարկի մասին է:
Էլ ինչպե՞ս է լինում էթնիկ զտումը. արգելակվում է ԼՂ սննդի, գազի, էլեկտրաէներգիայի մատակարարումը, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիները թիրախավորվում են կրակահերթերով, արգելակված է տեղաշարժի հնարավորությունը նույնիսկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների համար»,- կառավարության նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ «որքան էլ դժվար լինեն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման եւ խաղաղություն հաստատելու ուղղությամբ քայլերը, մեր աշխատանքները պետք է լինեն շարունակական, այս հարցում մենք պետք է լինենք հետեւողական»:
«Հիմա անհրաժեշտ է անել հաջորդ քայլը՝ ֆիքսել սահմանազատման հիմքը եւ ձեռնամուխ լինել բուն սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներին:
Հայաստանի տարածքով միջանցքային որեւէ տրամաբանություն անընդունելի է: Այս իմաստով ակնկալում եմ, որ միջազգային գործընկերներն Ադրբեջանի կողմից օգտագործվող սադրիչ բառապաշարի գործածումից կխուսափեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նաեւ հայտնել է, որ առաջիկայում ԱՄՆ-ում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ հույս հայտնելով, որ Վաշինգտոնում նախորդ հանդիպմանն արձանագրված որոշակի առաջընթացը կզարգանա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: