Փաշինյանը մոսկովյան եռակողմ հանդիպման արդյունքներից գոհ չէ - Mediamax.am

2748 դիտում

Փաշինյանը մոսկովյան եռակողմ հանդիպման արդյունքներից գոհ չէ


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «մոսկովյան եռակողմ հանդիպման արդյունքները գոհացնող չեն»:

«Մոսկվայում եռակողմ հանդիպման քննարկման թեմաներից մեկը վերաբերել է Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար իրավիճակին ու Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը:

 

Պիտի արձանագրել, որ շատ ցավալի իրավիճակ է. Լաչինի միջանցքի փակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների աչքի առաջ եւ ներկայությամբ, ինչը բավականին մտահոգիչ է: Շարունակելու ենք քննարկումները ռուս գործընկերների հետ այս իրադրության կարգավորման ուղղությամբ»,- Ազգային Ժողովում ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նրա խոսքով՝ մոսկովյան քննարկումների թեմաներից է եղել նաեւ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը.

 

«Հայաստանը պատրաստ է, շահագրգռված է շատ արագ դրանց բացմանը, որը պետք է տեղի ունենա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն: Ցավոք, սակայն, այդ հարցի լուծումը միայն հայկական կողմից կախված չէ, եթե այդպես լիներ, ապա վաղուց հարցը լուծված կլիներ»:

 

Անդրադառնալով հունիսի 1-ին Քիշնեւում կայանալիք հնգակողմ հանդիպման շրջանակում խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայկական կողմը դեռ չի ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները Վաշինգտոնում կայացած հանդիպումից առաջ փոխանցած առաջարկների վերաբերյալ.

 

«Չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրել»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին