«Մեզ հարկավոր են ամուր նյարդեր եւ զսպվածություն», ասել է Փաշինյանը - Mediamax.am

5206 դիտում

«Մեզ հարկավոր են ամուր նյարդեր եւ զսպվածություն», ասել է Փաշինյանը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ ՀՀ-ն Լաչինի միջանցքին կապող նոր՝ Կոռնիձոր-Տեղ ավտոճանապարհի շահագործման հանձնելու պատճառով տեղի է ունեցել դեպի Լաչինի միջանցք երթուղու փոփոխություն:

«Արդյունքում Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտ 12 կիլոմետրանոց հատվածի պահպանությունը պիտի ստանձնեն Հայաստանի սահմանապահ զորքերը:

 

Սահմանի անմիջական պահպանության ստանձնման ժամանակ որոշակի խնդիրներ են առաջացել. երկու կողմերի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ:

 

Հայկական կողմի հաշվարկներով որոշ տեղերում ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել՝ Հայաստանի տարածքում:

 

Այս ընթացքում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտումներ են կատարվել եւ իրավիճակը որոշակիորեն բարելավվել է: Մասնավորապես, 12 կմ-ից 7 կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են»,- կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա նշել է, որ հայկական կողմի տրամադրվածությունը եղել եւ շարունակում է մնալ իրավիճակի էսկալացիայից խուսափելը:

 

«Համաշխարհային այս անկայուն եւ անորոշ միջավայրում մեզ հարկավոր են ամուր նյարդեր եւ զսպվածություն՝ տարածաշրջանային իրավիճակը պայթեցնելու հարցում շահագրգիռ ուժերին տուրք չտալու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին