ԱՄՆ դեսպանություն. Մարդու իրավունքների զեկույցը չի կանխորոշում բանակցային գործընթացի արդյունքը - Mediamax.am

exclusive
3627 դիտում

ԱՄՆ դեսպանություն. Մարդու իրավունքների զեկույցը չի կանխորոշում բանակցային գործընթացի արդյունքը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ դեսպանությունն այսօր Մեդիամաքս-ին ասել է, որ Պետդեպարտամենտի 2011 թ. Մարդու իրավունքների զեկույցի ԼՂ-ի վերաբերող հատվածը «որեւէ կերպ չի կանխորոշում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի արդյունքը»:

Պետդեպարտամենտի 2011 թ. Մարդու իրավունքների զեկույցի այդ հատվածում, մասնավորապես, ասված է. «Ազգությամբ հայ անջատողականները Հայաստանի օգնությամբ շարունակել են վերահսկել Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանի մեծ մասը եւ հարակից ադրբեջանական յոթ տարածքները»: Այս ձեւակերպումները մտահոգություններ էին առաջացրել` կապված ԼՂ հարցը տարածքային ամբողջականության, ինքնորոշման եւ ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա կարգավորելու ԱՄՆ նախագահ Օբամայի եւ պետքարտուղար Քլինթոնի հանձնառության վերաբերյալ:  

 

«Լեռնային Ղարաբաղի մասին 2011 թ-ի  Մարդու իրավունքների զեկույցում ներկայացված շարադրանքը բխում է բոլոր երկրների վերաբերյալ զեկույցի պատրաստման մեր ուղենիշներից: Այն որեւէ կերպ չի կանխորոշում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի արդյունքը: Մենք շարունակում ենք պաշտպանել ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների եւ ազգերի ինքնորոշման Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները` որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծման հիմնարար տարրեր», - Մեդիամաքս-ին ասել են ԱՄՆ դեսպանությունում:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին