Փաշինյան․ Խաղաղության պայմանագիրը պետք է միջազգային երաշխավոր ունենա - Mediamax.am

1790 դիտում

Փաշինյան․ Խաղաղության պայմանագիրը պետք է միջազգային երաշխավոր ունենա


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը եւ անդրադարձել խաղաղության պայմանագրին, Արցախում խաղաղապահների տեղակայման ժամկետներին, միջազգային դիտորդական առաքելությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին ու Թուրքիայի նախագահի հետ առաջին հանդիպմանը։

Ներկայացնում ենք հատվածներ Նիկոլ Փաշինյանի խոսքից։

 

Նոր էսկալացիայի նախապայման

 

Շատ կարեւոր է հասկանալ այն բովանդակությունը, որի վրա Ադրբեջանը փորձում է կառուցել նոր էսկալացիայի նախապայման: Դրա լավագույն ձեւը գույքագրելն է ու ճշգրտելն այն պայմանավորվածությունները, որոնց չկատարման մեջ Ադրբեջանը փորձում է մեղադրել մեզ:

 

Տարածաշրջանային հաղորդակցությունների արգելափակման նորացված առաջարկների մաս է այն, որ Հայաստանի տարածքում տեղաշարժը կազմակերպելիս պետք է լինեն հայ սահմանապահները, Ադրբեջանի կողմից՝ ադրբեջանական։ Եթե Ադրբեջանի համար սա, իսկապես, հաղորդակցության հարց է, ոչ թե էսկալացիայի առիթ գտնելու, ապա հարցը գործնականում լուծված է. պետք է պայմանավորվածն արձանագրել ու գնալ առաջ։

 

Մեր ընկալմամբ սահմանին մոնիտորինգը պետք է միջազգային լինի։ Նախկինում մենք առաջարկել էինք, որ մոնիտորինգ իրականացնի Ռուսաստանը, սակայն Ադրբեջանը չհամաձայնեց։ Հիմա մենք առաջարկում ենք տարբերակներ. մոնիտորինգ կարող է իրականացնել կամ ՌԴ-ն, կամ ՀԱՊԿ-ն, ՄԱԿ-ը, ԵՄ-ն, ԵԱՀԿ-ն եւ այլն, բայց որ պետք է մոնիտորինգ լինի, դա ակնհայտ է։

 

ԼՂ-ում չեն կարող չլինել խաղաղապահներ

 

Խաղաղապահների թեման շատ կարեւոր է։ ՌԴ խաղաղապահներն, առանց անվտանգության երաշխիքների, չեն կարող դուրս գալ Լեռնային Ղարաբաղից։

Նրանք տեղակայվել են ՌԴ Դաշնային խորհրդի ընդունած որոշման հիման վրա, որտեղ գրված է՝ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ բնակչության սպանությունները կանխելու համար։

 

Ադրբեջանն ինքն է ստորագրել մի քանի հայտարարություն այն մասին, որ խաղաղապահների ներկայությունը պահանջված է կայունության եւ անվտագության ապահովման համար։

 

Եթե ԼՂ հայության կյանքի նկատմամբ սպառնալիքը վերացված չէ, խաղաղապահներ այնտեղ պետք է լինեն, չեն կարող չլինել։ Միջազգային հանրությունն էլ մեխանիզմներ ու ձեւեր կգտնի այնտեղ խաղաղապահներ տեղակայելու համար, ցեղասպանության սպառնալիքը կառավարելու համար։

 

Խաղաղության պայմանագիր

 

Մենք ամեն ինչ կանենք, որ մինչեւ տարեվերջ կնքվի խաղաղության պայմանագիր։ Պայմանագրի մի քանի տարբերակ կա, օրինակ՝ ստորագրել շրջանակային համաձայնագիր, որն ընդհանուր շրջանակն է գծագրում հարաբերությունների եւ չի հասցեագրում բոլոր հնարավոր հարցերը։ Եթե այսպիսի տարբերակով Ադրբեջանի համար ընդունելի լինի առաջ գնալ՝ հնարավոր է, որ կարողանանք։

 

Ուզում եմ, որ միջազգային հանրությունն ու մեր հանրությունն արձանագրեն, որ խաղաղության պայմանագրի առնվազն ուժի մեջ մտնելուց առաջ պետք է դելիմիտացիայի գործընթացն ավարտված լինի, որովհետեւ կարող է խաղաղության պայմանագիր ստորագրենք, եւ Ադրբեջանը շարունակի տարածքային նկրտումներ ներկայացնել Հայաստանի նկատմամբ։

 

Կան պայմանագրի շրջանակային եւ ոչ շրջանակային տարբերակներ։ Մենք նաեւ մեր առաջարկներն ենք ներկայացրել խաղաղության պայմանագրի տեքստի շրջանակի վերաբերյալ։

 

Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայկական պատվիրակությունը տեքստի մեր տարբերակը ներկայացրել է քննարկման եւ հույս ունենք, որ Ադրբեջանը կառուցողական կքննարկի ու կարձագանքի։

 

Խաղաղության պայմանագիրը, սակայն, պետք է միջազգային երաշխավոր ունենա։ Շատ կարեւոր է, որ բացի պայմանավորվող կողմերից, լինի նաեւ պայմանավորվածության երաշխավոր կամ երաշխավորներ։

 

Էրդողանի հետ հանդիպման մասին

 

Պրահայում Թուրքիայի նախագահի հետ առաջին հանդիպումից, ընդհանուր առմամբ, դրական տպավորություն եմ ստացել։ Կարեւոր է արձանագրել, որ խոսակցությունը, բովանդակությունը, Թուրքիայի նախագահի եւ իմ ասածները անհամատեղելի չէին, ինչի տպավորությունը երբեմն կարող է ստացվել մամուլի համար արվող հայտարարություններից։

 

Իմ տպավորությամբ, եթե լինի հետեւողական աշխատանք, քաղաքական կամք եւ ցանկություն, այդ խոսույթները կարող են համադրվել իրար հետ, ինչը նշանակում է հարաբերույթունների կարգավորում։ Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ փորձել եմ ներկայացնել նաեւ մի շարք նրբություններ, թե Հայաստանն ինչպես է տեսնում մի շարք հարցերի վերաբերյալ Թուրիքիայի դիրքորոշումները եւ փորձել եմ հասկանալ, թե Թուրքիան Հայաստանի կամ Ադրբեջանի մի շարք դիրքորոշումներ ինչպես է ընկալում։

 

Վերջին շրջանում Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչում են հայտարարույթուններ, որոնք որոշակի նոր խոսույթ են բերում։ Օրինակ՝ վերջերս նկատեցի, որ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը եւ արտաքին քաղաքական հարցերով խորհրդականը իր հարցազրույցում կարեւորեց Լեռնաին Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության հարցը, որը նույնպես շատ կարեւոր եւ նոր բաղադրիչ է։

 

Մեր հատուկ ներկայացուցիչների եւ իմ անձնական շփումների արդյունքում տեսնում եմ, որ կան հնարավորություններ։ Խոսակցությունն ավարտված չէ, ընդհակառակը՝ սկսվել եւ զարգանում է։ Եթե հաջողվի երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա սահմանը բացել, դա լուրջ առաջընթաց կլինի, հիմա դրա վրա աշխատում ենք։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին