Փաշինյան. Եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ «սահման չկա», ուրեմն՝ ՀԱՊԿ էլ չկա - Mediamax.am

1802 դիտում

Փաշինյան. Եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ «սահման չկա», ուրեմն՝ ՀԱՊԿ էլ չկա


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն սեպտեմբերի 30-ին հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը եւ անդրադարձել սահմանային իրավիճակին, Արցախի հարցին, Հայաստանի ինքնիշխանությանը, խաղաղության պայմանագրին, միջազգային դիտորդական առաքելությանը, ՀԱՊԿ-ին ու ՀՀ նախկին նախագահների հետ հնարավոր հանդիպմանը։

Ներկայացնում ենք հատվածներ Փաշինյանի խոսքից։

 

Իրավիճակը սահմանին

 

Սահմանին իրավիճակը կայուն լարված է։ Հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվ եւ ռազմատենչ հռետորաբանությունը՝ նոր սադրանքները բացառված չեն։

 

Երաշխավորված անվտանգություն կարող է ապահովել միայն խաղաղությունը։ Քանի դեռ չունենք համապարփակ խաղաղություն, չի կարող լինել համապարփակ անվտանգություն։ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար մենք բոլոր ուղղություններով ակտիվ աշխատում ենք։

 

Միջազգային դիտորդական առաքելությունը

 

Ֆրանսիայի ՊՆ կողմից ուղարկվող առաքելությունը տեղում պետք է գնահատի անվտանգային իրավիճակը հետագա վերլուծության համար։

 

Երբ խոսում ենք միջազգային դիտորդական առաքելության մասին, նկատի ունենք կամ երկարաժամկետ, կամ մշտական դիտորդական առաքելության մեխանիզմը, որի կարեւորագույն նպատակներից է իրադրության վերաբերյալ անաչառ տեղեկատվության փոխանցումը միջազգային կառույցներին, որից կբխեն համապատասխան գործողությունները։

 

Քաղաքական գնահատական ՀԱՊԿ-ից

 

ՀԱՊԿ-ի մեր գործընկերների հետ շփումներից արձանագրել եմ, որ ՀԱՊԿ-ում նույնպես արձանագրվել է՝ ՀՀ-ում հանրային որոշակի տրամադրություններ շատ արագ աճ են ունեցել։ Նույնիսկ մի խոսակցության ժամանակ հայտարարվեց՝ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը կկորցնի Հայաստանը։ Ես դրան արձագանքել եմ, որ ՀՀ-ում հակառակ մտավախությունը կա՝ ՀՀ-ն կկորցնի ՀԱՊԿ-ին։ Իրականում սա բառախաղ չէ, սա լուրջ բովանդակություն է պարունակում։

 

Մենք ՀԱՊԿ-ից ակնկալում ենք հստակ քաղաքական գնահատական իրավիճակին։ ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության ինստիտուցիոնալ թիվ մեկ գործիքն է, եւ Հայաստանը նախկինում ՀԱՊԿ-ի պաշտոնյաներից հստակ հավաստիացումներ է ստացել, որ ՀԱՊԿ-ի համար ՀՀ սահմանը «կարմիր գիծ» է։ Երբ նախորդ տարի տեղի ունեցան Սոթք-Խոզնավարի իրադարձությունները, մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին ու շատ տարօրինակ արձագանք ստացանք, թե «սահմանը դեմարկացված ու դելիմիտացված չէ»: Ասել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահման չկա, նշանակում է ասել, որ ՀԱՊԿ-ն էլ չկա, որովհետեւ ՀԱՊԿ-ն ունի պատասխանատվության գոտի, որը գծանշված է սահմաններով։

 

Մոսկվայի դիրքորոշումը

 

Կարեւոր է, որ ՌԴ բոլոր օղակները գործեն այդ տրամաբանության շրջանակում եւ գործեն այնպես, որ ՌԴ պաշտոնապես հրապարակվող դիրքորոշումներից տարբերող գործողությունների կամ գործողությունների տպավորություն չթողնեն։

 

Նման դեպքեր եղել են եւ մենք մեր ռուսաստանցի գործեընկերների առաջ այդ հարցերը հստակ ձեւակերպել ենք։

 

Խաղաղության պայմանագիրը

 

Խաղաղության պայմանագրի հիմքում, մեր ըմբռնմամբ, պետք է լինի Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումը։ Եթե աշխատանքային մակարդակում Ադրբեջանի կողմից հստակ արձանագրվեր այս փաստը, մեծ էր հավանականությունը, որ այս պահի դրությամբ խաղաղության պայմանագիրը ստորագրված կլիներ։

 

Մեր ընկալումն այն է, որ այդ պայմանագրի մեջ Ղարաբաղի հարցին անդրադարձ կարող է չլինել։ ԼՂ հարցի շահառուն պետք է լինի Ղարաբաղի ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով։ Մեր կարծիքը 2018 թվականից եղել է այն, որ ԼՂ-ն պետք է լինի Ղարաբաղի հարցով հիմնական բանակցողը եւ շահառուն, մենք շարունակում ենք այդպես մտածել։

 

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները երկու օրից պաշտոնապես կսկսեն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները։

 

Արցախի անկախության հարցը

 

Մոսկվան, Բրյուսելը եւ Վաշինգտոնը պատրաստ չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը եւ պատրաստ չեն Ղարաբաղը ճանաչել որպես Հայաստանի մաս։ Այս փաստի հետ պետք է առերեսվենք։

 

Էրդողանի հետ հնարավոր հանդիպում

 

Պրահայում կայանալիք Եվրամիության նախաձեռնած միջոցառման ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը բացառված չէ։

 

Ես Պրահա մեկնելու որոշում ունեմ։

 

Տեր-Պետրոսյանի առաջարկած կոնսոլիդացիան

 

Պետք է հասկանալ, թե ինչ է նկատի առնվում, որովհետեւ, եթե կա այնպիսի համատեքստ, թե իշխանությունն ի վիճակի չէ պատասխանատվություն վերցնել եւ նրան պետք է ինչ-որ բանի համար օգնեն պատասխանատվություն ստանձնել, ապա կարող եմ ասել, որ իշխանությունը՝ կառավարությունը եւ անձամբ ես գիտակցում ենք երկրի ճակատագրի համար ունեցած պատասխանատվությունը եւ այն պատրաստ ենք վերցնել ու ստացել ենք մեր ժողովրդից։

 

Կա երկրորդ կողմը. խոսք է գնում բանակցային գործընթացից տեղյակ լինելու մասին։ Կա կարծիք, որ այդ գործընթացի մասին տեղյակ է մարդկանց նեղ շրջանակ, դա թյուրիմացություն է, որովետեւ տեղյակ են բավականին լայն շրջանակի մարդիկ՝ ոչ միայն մեր թիմակիցները։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, Անվտանգության խորհուրդը, ԼՂ իշխանություններն ամբողջությամբ տեղյակ են։ ԼՂ նախագահն էլ իր հերթին տեղյակ է պահում առնվազն ԱԽ-ին, նաեւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին։ Ձեր նշած խորհրդակցության անդամների մի մասն այս բերումով տեղյակ է բանակցային պրոցեսից, մյուս մասը տեղյակ լինելու հնարավորություն միշտ ունեցել է, որովհետեւ պատրաստակամություն եմ հայտնել խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին ներկայացնել բանակցություններն ամբողջությամբ։ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանն այս երկու խմբակցությունների լիդերներն են եւ հրաժարվել են այդ տեղեկատվությունը ստանալ, Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը եւս հրաժարվել է։

 

Քանի դեռ կոնկրետ ձեւակերպված առաջարկ չկա, ես արձագանքելու հարկ չեմ համարում։

 

Ինչ է սպասվում ՀՀ եւ Արցախի քաղաքացիներին

 

Հիմա մեր պետության անկախության, ինքնիշխանության հաստատման պրոցեսի մեջ ենք։ Պետք է ամուր լինենք եւ այս ճանապարհն անցնենք։

 

Պետք է վճռական լինենք որպես քաղաքացի՝ այս գործընթացը մինչեւ վերջ տանելու համար։ Չեմ ասում, թե մինչեւ հիմա անկախ պետություն չենք եղել, բայց կան անկախության քաղաքական, տնտեսական, ռազմական, սոցիալ-հոգեբանական հարթություններ եւ ոչ բոլորն են մեզ մոտ լրացված եղել, այսօր էլ լրացված չեն եւ ճեղքերի հետ ենք առերեսվում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին