Փաշինյան․ «Ամեն օր մեր մեջ փորձում են սերմանել նորանոր վախեր» - Mediamax.am

1794 դիտում

Փաշինյան․ «Ամեն օր մեր մեջ փորձում են սերմանել նորանոր վախեր»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «ամեն Աստծո օր մեր մեջ փորձում են սերմանել նորանոր կասկածներ, նորանոր վախեր եւ այդ ամենը հանուն մի բանի, որ մենք հրաժարվենք մեր Անկախությունից, որ հրաժարվենք մեր պետությունից»:

Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առիթով ուղերձում, նա, մասնավորապես, ասել է․

 

«Այսօր էլ սեպտեմբերի 21 է եւ այսօր էլ Անկախության հանրաքվե է: 1991 թվականի հանրաքվեն տեղի է ունեցել, բայց չի ավարտվել եւ Անկախության հանրաքվեն տեղի է ունենում այսօր:

 

Հանուն Հայրենիքի իրենց կյանքը տված մեր նահատակներն Այո են ասել Անկախությանը եւ շատ կարեւոր է, որ նրանց կորստի դառնությունից մեր ծնկները չծալվեն: Սահմանին աներեր կանգնած զինվորը Այո է ասում Անկախությանը եւ չափազանց կարեւոր է, որ նրա Այոն իր արձագանքը գտնի ոչ միայն մեր սրտերում, այլեւ մեր գործերում:

 

Ամեն օր, ամեն Աստծո օր պաշտոնյա թե գյուղացի, զինծառայող թե գործարար, ուսուցիչ թե բանվոր՝ ուզենք թե չուզենք, գիտակցենք թե չգիտակցենք, հանրաքվեի մասնակից ենք, Անկախության հանրաքվեի:

 

Եվ կարեւոր է, որ Անկախությանը ասենք Այո, Ինքնիշխանությանը ասենք Այո, ժողովրդավարությանն ասենք Այո եւ այդ Այոն, ըստ անհրաժեշտության, վերահաստատենք 29 հազար 800 քառակուսի կիլոմետրանոց Պետություն-Հայրենիքի այն հատվածում, որտեղ այդ Այոն ամենաշատն անհրաժեշտ կլինի:

 

Ու չերկմտենք, ու չերկնչենք, ու չկասկածենք, որովհետեւ ամեն օր, ամեն Աստծո օր մեր մեջ փորձում են սերմանել նորանոր կասկածներ, նորանոր վախեր եւ այդ ամենը հանուն մի բանի, որ մենք հրաժարվենք մեր Անկախությունից, որ հրաժարվենք մեր պետությունից»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին