Ռուբեն Վարդանյան. Իմ Արցախ գալը հայկական «պրոեկտ է» - Mediamax.am

4635 դիտում

Ռուբեն Վարդանյան. Իմ Արցախ գալը հայկական «պրոեկտ է»


Լուսանկարը` Armenian Public TV


Ներկայացնում ենք հատվածներ հասարակական գործիչ եւ ձեռներեց Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցից:

 

Ով՝ ով է

 

Հասկանում էի, որ միշտ կլինեն մարդիկ, որոնք չեն հավատա, կասկածով կվերաբերվեն (Արցախ տեղափոխվելու իր որոշմանը-խմբ.): Մի մասն էլ, պարզ ասենք, հասկանալով կամ չհասկանալով, օգնում են Ադրբեջանին: Տեսնում եք, թե նրանց մամուլը որքան ագրեսիվ է արձագանքում, ինչեր են գրում իմ մասին: Մեր հասարակության մի մասն էլ յուղ է լցնում նրանց կրակին:

 

Մի կողմից դա այն իրականությունն է, որն ունենք, բայց մյուս կողմից էլ՝ մենք չպիտի վախենանք, պիտի գնանք առաջ, մեր գործը պիտի անենք, գործով ցույց տանք, թե ով ինչ է ասում: Ասել եմ՝ ով ինչ հարց ունի, թող գա այստեղ՝ Արցախ, նստենք, խոսենք, գործ անենք, հետո արդեն պարզ կլինի, թե ով ինչ է մտածում, ինչ է ասում ու իրականում ով՝ ով է:

 

Հարեւան պետությունը պետք է հասկանա

 

Մեր հարեւան պետությունը պետք է հասկանա, որ իրենց ինչ-որ բաներ կարող են դուր գալ կամ դուր չգալ, բայց դա իրենք չեն որոշում:

 

Իմ գալն այստեղ հույս է ներշնչում Արցախում ապրող մարդկանց: Վստահ եմ, որ շատ մարդիկ են գալու եւ՛ Հայաստանից, եւ՛ այլ տեղերից: Նրանք գալու են եւ արցախցիների կողքին կանգնեն, ասեն՝ մենք էլ ենք այստեղ ապրում: Եվ դա, իհարկե, ինչ-որ առումով փոխում է հարեւան պետության  ռազմավարությունը:

 

Մեծ խաղ է գնում

 

Իմ Արցախ գալը հայկական «պրոեկտ» է: Մարդիկ պիտի հասկանան ու ընդունեն, որ ինձ պես մարդիկ, որոնք հասել են ինչ-որ հաջողության եւ ունեն կապեր Ռուսաստանում, Անգլիայում, Ամերիկայում, Ֆրանսիայում կամ Սինգապուրում, կարող են օգտակար լինել, քանի որ մեծ խաղ է գնում, եւ մեծ խաղացողներն ունեն իրենց հետաքրքրությունները մեր տարածաշրջանում: Մենք պետք է շատ լուրջ եւ շատ նուրբ աշխատենք:

 

Տեսեք՝ ինչպես է վարվում Էրդողանը: Ռուսաստանին ասում է՝ մենք դաշնակից ենք, Ուկրաինային ասում է՝ Ղրիմը ձերն է, Ամերիկային եւ Եվրոպային ասում է՝ ես ՆԱՏՕ-ի անդամ եմ, Հունաստանի հետ պատերազմի մեջ է մտնում, Իսրայելի հետ հարաբերությունները լավացնում է: Պետք է ունենանք մեր գաղափարները, մեր ռազմավարությունը, հասկանանք՝ ինչ ենք անում: Իհարկե, բազմավեկտոր հարաբերություններ պետք է լինեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին