Սերժ Սարգսյան. «Արցախի եւ Հայաստանի համար վտանգներն ավելի մտահոգիչ են դառնալու» - Mediamax.am

4774 դիտում

Սերժ Սարգսյան. «Արցախի եւ Հայաստանի համար վտանգներն ավելի մտահոգիչ են դառնալու»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ «Արցախի եւ նրա անվտանգության երբեմնի երաշխավոր Հայաստանի համար վտանգներն օրեցօր ավելի մտահոգիչ չափերի են հասնելու»:

Արցախի Հանրապետության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի ուղերձում ասված է.

 

«Այսօր ավանդական շնորհավորանքների, Արցախում տոնական հրավառության եւ համազգային ուրախության օր չէ այլեւս, ինչպես տարիներ առաջ, քանզի անկախությունը վտանգված է, Արցախը դավադրորեն թիկունքից ծանր հարված ստացած,  համայն հայության ջանքերով երեք տասնամյակ պահված ու փայփայված, հաղթանակած, անկախ եւ արժանապատիվ ապրող ու զարգացող Հանրապետության տարածքի զգալի մասը՝ թշնամուն հանձնված:

 

Եվ քանի դեռ թշնամու առաջ տան դռները լայն ժպիտով բացող կեղծ խաղաղասերներն են Հայաստանում ու Արցախում մի ողջ ժողովրդի անունից եւ  այդ նույն ժողովրդի թիկունքում որոշումներ կայացնում, բանակցություններ վարում ու երկիր ներկայացնում, Արցախի եւ նրա անվտանգության երբեմնի երաշխավոր Հայաստանի համար վտանգներն օրեցօր ավելի մտահոգիչ չափերի են հասնելու:

 

Պետականաքանդ եւ ազգակործան կառավարիչներին օր առաջ հեռացնելը միայն կարող է այս օրհասական վիճակից երկիրը դուրս բերելու, արժանապատիվ բանակցություններ վարելու, գործընկերների հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորություն տալ: Այս պարզ ճշմարտությունը չհասկանալը կարող է կործանանար լինել եւ´ Արցախի, եւ´ Հայաստանի հանրապետությունների համար:

 

Ես, մեր քաղաքական թիմը, համախոհներն ու աջակիցներն այս գիտակցումով ենք պայքարել եւ այսուհետ եւս պայքարելու ենք արտաքին ու ներքին թշնամու դեմ:

Անկախության տոնը վերստին նշելու համար  յուրաքանչյուրը պետք է առաջին հերթին իր ներսում սպանի անտարբերությունը, վախը, հուսահատությունը, հավատա սեփական ուժերին, արթնացնի հայի ազատատենչ ոգին, միանա համընդհանուր պայքարին եւ կրկին մեկ բռունցք դարձած տեր կանգնի անկախ եւ ազատ ապրելու մեր իրավունքին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին