Փաշինյանն ասել է, որ պատերազմի մեղավորները Քոչարյանն ու Սարգսյանն են - Mediamax.am

1197 դիտում

Փաշինյանն ասել է, որ պատերազմի մեղավորները Քոչարյանն ու Սարգսյանն են


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի խնդրի բանակցային ողջ պատմության ընթացքում թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը եւ թե իրենց արբանյակ Դաշնակցությունն Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»:

«Արցախ-Հայաստան հակասություններ սերմանելու համար արմատական ընդդիմությունը փորձում է ներկայացնել, թե իրենց իշխանության տարիներին իրենք առաջնորդվել են «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» կարգախոսով ու ռազմավարությամբ ու, քանի որ այս իմաստով մեր արմատական ընդդիմադիրները հատել են բոլոր հնարավոր սահմանները, ստիպված եմ հիասթափեցնող լուր հայտնել՝ այդ պնդումները կատարյալ սուտ են»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Ազգային ժողովում:

 

Փաշինյանի խոսքով՝ «ընդհանուր պետություն» բանակցային փաթեթին հաջորդել է «տարածքների փոխանակման» փաթեթը, որի մասին շատ է խոսվել:

 

«Այդ բանակցային փաթեթով Հայաստանի այն ժամանակվա կառավարիչները Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս, որովհետեւ նշված փաթեթի իմաստն այն էր, որ Հայաստանն Ադրբեջանին է հանձնում Մեղրիի շրջանն ու փոխարենը ստանում Լեռնային Ղարաբաղը

 

Ռոբերտ Քոչարյանն ընդունել է, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է՝ Շուշիի ու Լաչինի հետ միասին: Այս իրողություններն ավելի են ամրապնդվել Մադրիդյան սկզբունքների քննարկման ժամանակաշրջանում:  Բանակցությունների հիմք ընդունելով Մադրիդյան սկզբունքները՝ Հայաստանի այն ժամանակվա ղեկավարները Ղարաբաղն ընդունել են որպես Ադրբեջանի մաս եւ բացառել Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելու որեւէ գործնական հնարավորություն»,- ասել է Փաշինյանը:

 

Հիմնավորելով իր ասածը՝ նա նշել է, որ Մադրիդյան սկզբունքներով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվեր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնեցված ժամկետներում տեղի ունենալիք հանրաքվեների միջոցով.

 

«Մադրիդյան սկզբունքներով բացառվել է Լեռնային Ղարաբաղի չլինելն Ադրբեջանի կազմում, որովհետեւ այդ սկզբունքներով Ադրբեջանը վետոյի իրավունք է ստացել ԼՂ ապագա կարգավիճակի որոշման վերաբերյալ հարցում, այսինքն՝ Ադրբեջանն ուներ հնարավորություն իր համար ոչ ցանկալի կարգավիճակի ամրագրում թույլ չտալու համար»:

 

Նա նշել է, որ այսօր շատերը իրենց քննադատում են նրա համար, որ իրենք անընդունելի չեն համարում Ադրբեջանի եւ Հայաստանի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքը:

 

«Մեզ դրա համար քննադատողները մոռացել են, որ Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է դեռ 1992-ին:  Այն ժամանակ թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը եղել են Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: Արմատական ընդդիմությունն Ադրբեջանի տարածքային սկզբունքը ճանաչել է նաեւ ԼՂ հարցի կարգավորման համատեքստում՝ նախ «ընդհանուր պետություն» առաջարկը որպես բանակցությունների հիմք ընդունելով, տարածքների փոխանակման հայեցակարգով եւ Մադրիդյան փաթեթով ԼՂ հարցի կարգավորման սկզբունքների շարքում ընդունելով նաեւ տարածքային ամբողջականությունը»,-ասել է Փաշինյանը:

 

Նա հիշեցրել է, որ ՀՀ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է նաեւ 2010 թվականին «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որով Սոթք-Մեղրի հատվածի հայաստանյան բնակավայրերը դեպի հյուսիս-արեւելք սահմանակցում են Ադրբեջանին եւ ոչ թե ԼՂ-ին:

 

«Սա է այս մարդկանց 25 տարվա բանակցային ժառանգությունը եւ սա է պատերազմի ու պատերազմական կոնտեքստ ստեղծել, պատերազմի պատճառ դարձել: Քոչարյանը եւ Սարգսյանը պետք է պատասխան տան, թե ինչպես եղավ, որ Ադրբեջանը անիրատեսական եւ անընդունելի պահանջներ ներկայացնելու հնարավորություն ստացավ բանակցային գործընթացում ի հեճուկս նրա, որ Հայաստանի նախկին իշխանությունները երկար տարիներ համոզում էին, թե բանակցությունները նորմալ են ընթանում, եւ մենք շարժվում ենք դեպի մեր նպատակների իրագործում:

 

Իրականում, սակայն, բանակցային բովանդակությունն այլ բանի մասին է վկայում, որ ՀՀ նախկին իշխանությունները արտաքին աշխարհի հետ հարաբերություններում իրենց իշխանությունը պաշտպանել են՝ Արցախը ընդունելով Ադրբեջանի կազմում, կազմաքանդելով Ղարաբաղի հարցի հայկական հայեցակարգը, իսկ ներսում կեղծ եւ ականջահաճո ճոռոմաբանություն են կիրառել ոչ թե Արցախի շահերը, այլ՝ սեփական իշխանությունը պաշտպանելու նպատակով»,- ասել է Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին