ՀՀ նախագահ. 2000-ից 2018-ը մեր երկիրը հրաժարվել էր ժողովրդավարությունից - Mediamax.am

1476 դիտում

ՀՀ նախագահ. 2000-ից 2018-ը մեր երկիրը հրաժարվել էր ժողովրդավարությունից


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում ասել է, որ «2000 թվականից մինչեւ 2018 թվականը մեր երկիրը հրաժարվել էր ժողովրդավարական արժեքներից, եւ կոռուպցիան երկիրը բառիս բուն իմաստով ուտում էր»:

Հանդես գալով որպես գլխավոր բանախոս «Ապրուստի գինը ճգնաժամում» թեմայով պանելային քննարկմանը, Վահագն Խաչատուրյանը, մասնավորապես, ասել է.

 

«Ամենակարեւորը՝ իշխանության եւ հասարակության միջեւ հարաբերություններն են, թե ինչքան է հասարակությունը վստահում իշխանությանը եւ մյուս կողմից՝ ինչքան լավ է իշխանությունը հասկանում իր հասարակության խնդիրները: Եթե նրանց միջեւ երկխոսություն կա, ապա լուծվում է եւ՛ աղքատության հարցը, եւ՛ նվազում է նոր ճգնաժամ առաջանալու հավանականությունը, եւ՛ երկիրն ավելի կայուն ու կառավարելի է լինում:

 

Ամենակարեւորը՝ սկզբունքներին չդավաճանելն է: Մեր երկրի փորձն է դա ցույց տալիս:

 

2000 թվականից մինչեւ 2018 թվականը մեր երկիրը հրաժարվել էր ժողովրդավարական արժեքներից, եւ կոռուպցիան երկիրը բառիս բուն իմաստով ուտում էր: Մենք հայտնվեցինք ծայրահեղ վատ վիճակում: 2018 թվականին թավշյա հեղափոխություն տեղի ունեցավ, որի արդյունքում երիտասարդ կառավարություն եկավ իշխանության՝ նոր շունչ հաղորդելով բոլոր ոլորտներին, բիզնեսն ազատություն զգաց, մարդիկ ազատություն զգացին, մարդիկ կարողանում էին ազատ գործարարությամբ զբաղվել, ոչ ոք չէր կարող իրենց խոչընդոտել, գումարներ պահանջել, քաղաքական ուժերը հնարավորություն ստացան հավասար պայմաններով ընտրությունների մասնակցել: Տնտեսությունը հաջորդ տարում միանգամից ունեցավ 7,5 տոկոս աճ: Գործարարները համոզվեցին, որ պետությունը իրենց հետ ոչ թե ժամանակավոր խաղի կանոններով է աշխատում, այլ ընդունված օրենքով ու կանոններով, որը ենթադրում է պարտաճանաչ հարկեր վճարել եւ որոշ սոցիալական պարտավորություններ կատարել: Սա օրինակ է, որ կարող է բոլորին հետաքրքրել: Կոռուպցիայի վերանալը շատ մեծ խթան դարձավ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին